Ադրբեջանցիները հավաքում են իրերը. ինչ է կատարվում սահմանից այն կողմ

Տավուշի սահմանին հուլիսի 12-13-ին տեղի ունեցածի առնչությամբ հայկական կողմը սադրանքի համար մեղադրում է Ադրբեջանին, իսկ Բաքվից հայտարարում են, իբրեւ թե հրադադարը խախտել են հայերը: Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը ասում է, թե Ադրբեջանն ուզում է համոզել աշխարհին, որ սադրանքը արել են հայերը:

Դա կարելի է գնահատել մի կողմից որպես Բաքվից հակահարձակման նախապատրաստմանը միտված քայլ, մյուս կողմից՝ արդարացում սեփական ժողովրդի առաջ, կորուստների համար:

Իսկ այն, որ կորուստները մեծ են, Ադրբեջանը չի էլ թաքցնում: Սահմանին ունեն Աղդամ գյուղը (ոչ այն, որ Արցախում է), եւ սոցցանցերում ակտիվորեն տարածվում է, որ Ադրբեջանի իշխանությունը փակել է գյուղը, որպեսզի բնակիչները չլքեն այն: Ադրբեջանցիները ցանկացած պահի պատրաստ են թողնել բնակության վայրը, եթե զգան վտանգ: Այդպես է եղել նաեւ Արցախում, սկսած Շուշիից եւ այդպես շարունակ, երբ ադրբեջանցիները հավաքում էին իրերն ու հեռանում, հասկանալով, որ մարտական գործողությունները տարածվելու են իրենց գյուղերի եւ քաղաքների վրա:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են նախօրեին Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիեւի ձերբակալման մասին, որին 1993 թվականին տրիբունալի առաջ էին կանգնեցրել Շուշիի հանձնման համար: Նրան պետական դավաճանության համար նախ դատապարտեցին մահապատժի, հետո փոխեցին ցմահ ազատազրկման, իսկ հետո էլ կրճատեցին ժամկետը մինչեւ 15 տարի ազատազրկում: Նա անցկացրեց պատժաչափը եւ դուրս եկավ, ու սկսեց մմերկացնել Ալիեւի մասին ճշմարտությունը:

Այս անգամ նրան ձերբակալել են այն տեղեկատվության համար, որ Ադրբեջանի բանակը ունի ոչ թե 4, այլ 12 զոհ: Ղազիեւը նաեւ հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունը պատրաստվում է հանձնել Թովուզն ու Ղազախը:

Ու թեեւ Ղազիեւին շատերը չեն ընդունում լուրջ, նրան ունկընդրում են իբրեւ «փորձագետ», որը գիտե, թե ինչպես են պատրաստվում հանձնման:

Հայկական ուժերը մի փոքր բարելավել են իրենց դիրքերը, բայց սահմանի այն կողմում մարդիկ արդեն հավաքում են իրերն ու մտածում հերթական հանձնման մասին: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ այդ մարդիկ կապված չեն սեփական հողին ու արմատին այնպես, ինչպես կապված են հայերը: