Ալեքսանդրի և Լիլիթի որդու առաջին քայլերը դպրոց և ոգևորությունը

Սննդաբան Լիլիթ Բասյանի և դերասան Ալեքսանդր Բաբասյանի որդին՝ Ալեքսանդրը, այսօր առաջին քայլերն արեց դեպի դպրոց: Նա սովորելու է Նելսոն Ստեփանյանի անվան 71 հիմնական դպրոցում: Tert.am Life–ը ներկա է եղել փոքրիկին դպրոց ճանապարհելու արարողությանն ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Մայրիկը պատմեց, որ որդին շատ ոգևորված էր դպրոց գնալու առթիվ, այսօր նույնիսկ ինքնուրույն է արթնացել. «Շատ ուրախ էր ու դրական տրամադրված: Ես մոտ 1 տարի իրեն նախապատրաստել եմ, որ շուտով դպրոց է գնալու, դրանք լինելու են իր կյանքի լավագույն տարիները: Ինքը շատ խելոք երեխա է, իր տարիքի համեմատ շատ իմաստուն է, վստահ եմ, լավ աշակերտ կլինի»:

Ինչպես և մայրիկը սպասում էր, Ալեքսանդրը դպրոցում իրեն շատ լավ էր զգացել, առաջին դասից ոգևորված դուրս եկավ:

Մայր ու որդի մինչև դպրոցն էլ ակտիվ դասեր էին անում: Լիլիթը հիշեց, որ սկզբնական փուլում բարդ էր երեխային դաս անելու տրամադրելը, դա արել է խաղերի միջոցով, հիմա Ալեքսը հաճույքով է անում դասերը. «Ինքը գիտի, որ խաղալուց բացի նաև պետք է դաս անի, ու դա հաճույքով է անում: Տարբեր առաջադրանքներ ենք միասին լուծում: Ինքս էլ հաճույք եմ ստանում այդ պրոցեսից, քանի որ ուղղակի ապրում եմ այն ամենով, ինչ կապված է իր հետ: Մեկ-մեկ ինքս ինձ ասում եմ՝ հանգիստ, մի քանի տարուց երեխան արդեն իր շրջապատում է հետաքրքրություն գտնելու: Քանի որ ես շատ խանդոտ եմ, դա ծանր կտանեմ, բայց ինձ նախապատրաստում եմ, որ երեխան պետք է իր շրջապատն ունենա: Ալեքսը պետք է ճիշտ, լավ տղամարդ մեծանա»:

Մայրիկն ասաց, որ Ալեքսանդրը հայկական դպրոց է գնալու: Դպրոց գնալուց առաջ փոքրիկը միայն մեկ մտավախություն է ունեցել՝ ռուսերեն այբուբենը գիտի, հայերենը՝ ոչ. «Ռուսերեն այբունենն արդեն գիտենք, նույնիսկ կարդում ենք: Իր միակ մտավախությունն այն էր, որ հայերեն այբուբենը դեռ չգիտի: Մենք միասին ենք դաս անում, ցավոք, ես հայերենին շատ լավ չեմ տիրապետում, քանի որ Ռուսաստանում եմ մեծացել, սակայն վստահ եմ՝ դա էլ կհաղթահարենք: Ես էլ իր հետ կսկսեմ ավելի վարժ տիրապետել հայերենին: Իրեն էլ ասացի, որ մենք ամեն ինչ կարող ենք, ամեն ինչ կստացվի»:

Լիլիթը նշեց, որ դպրոցի ընտրությամբ երեխայի հայրն է զբաղվել, ինքը վստահել է նրա ընտրությանը. «Եթե զգամ, որ երեխայի համար բարդ է, ռուսերեն մտածում է, թարգմանում հայերեն և հետ ընկնում, կտեղափոխեմ ռուսական խումբ, բայց ես վստահ եմ Ալեքսանդրիկի վրա, համոզված եմ, որ հստակ քայլերով առաջ կգնա»:

Երեխային դպրոց ճանապարհելու նախորդ գիշերը Լիլիթը շատ հուզված է եղել, թերթել է Ալեքսի ալբոմը՝ չկարողանալով զսպել արցունքները. «Ես իրեն միշտ կարոտում եմ: Ինձ համար շատ հուզիչ է, որ նա մտնում է իր կյանքի նոր փուլ: Երբեմն ասում եմ՝ արի քեզ գրկեմ, ինչպես փոքր ժամանակ էի անում: Երևի ամեն ինչ կտայի, որ իր հետ կրկին ապրեի այն ամենը, ինչ ապրել ենք, ժամանակը մի քիչ դանդաղ անցներ»:

Հայրը՝ Ալեքսանդր Բաբասյանն էլ նշեց, որ դպրոցի ընտրությունն անելիս առաջնային կարևորությւն տվել է ուսուցչուհու գործոնին:

Երեխային հոգեբանորեն տրամադրելու համար էլ վերջին 15 օրվա ընթացքում պարբերաբար միասին եկել են դպրոց, որպեսզի Ալեքսնադրի համար խորթ չլինի դպրոցը, ուր սկսելու է հաճախել:

«Մի քիչ անսովոր է այսպիսի «սեպտեմբերի 1»-ը: Ցավոք, այս տարի Կորոնավիրուսի պատճառով, երեխաներին առաջին դասարան չենք ուղեկցում այնպես, ինչպես ժամանակին մեզ են ուղեկցել, բայց մենք նույն տրամադվածությունն ունենք, քանի որ նախապատրաստվել էինք դպրոցին,- ասաց նա ու հավելեց, որ, առհասարակ, երեխայի հետ շատ է  խոսում: -Մեր տարիներին գուցե բարքերն էին այլ, գուցե իմ հարաբերություներն էին ծնողներիս հետ այլ: Ես զգացել եմ ծնողներս հետ շատ խոսելու պակասը: Հիմա այնպես եմ անում, որ  երեխաս չզգա այդ բացը, մենք շատ ենք շփվում իրար հետ»:

Ալեքսանդրի խոսքով՝ որդին արտաքնապես 100 տոկոսով է իրեն նման, բնավորությամբ՝ մասամբ: «Կարծում եմ՝ պետք էլ չէ շատ նման լինի, քանի որ հիմա այլ դարաշրջան է: Ես ուզում եմ իմ տղան ավելի շատ կրթության վրա կենտրոնացած լինի, քան փողոցի: Իհարկե, տղայի կյանքում փողոցն էլ իր տեղն ունի, բայց հիմա կրթության, գիտության, էթիկայի ժամանակներ են»,- ասաց նա: