Ինչի են պատրաստ աղքատ երկրների երեխաները ուսում ստանալու համար. կրթություն՝ ցանկացած գնով

 

Բոլորս գիտենք, որ գիտելիքը լույս է, որը մարդուն դուրս է բերում խավարից, սակայն, ամենայն հավանականությամբ, Ձեր երեխան կարծում է, որ սրանք լոկ խոսքեր են, այնպես չէ՞: Ոչ բոլոր երեխաներն են սիրում սովորել և դպրոց հաճախել: Եթե Ձեր երեխան ևս նրանց շարքին է դասվում, ապա պատմեք նրան այս պատմություններից որևէ մեկը, և նրա կարծիքը միգուցե փոխվի:

 

Աֆղանստան

Աֆղանստանում կրթություն ստանալու համար աղջիկները ուղղակիորեն վտանգում են իրենց կյանքը: Այս երկրում մինչև 2001 թ. կանայք չունեին իրավունք ո՛չ սովորելու, ո՛չ աշխատելու: Թալիբների ռեժիմի անկումից հետո այս սահմանափակումները վերացան, սակայն դա չի խանգարում ծայրահեղականներին դաժանաբար պատժել այն աշակերտուհիներին, որոնք դպրոց են հաճախում: 2015 թ. դպրոց հաճախող երեք աղջկա վրա ծծմբական թթու լցրեցին:

Հիվանդանոցում տուժածներից մեկն ասել է. «Ես, միևնույն է, գնալու եմ դպրոց: Թող այս ամենը կրկնեն հարյուր անգամ. դա ինձ չի կանգնեցնի»:

Հանցագործներին այդպես էլ չհայտնաբերեցին, անգամ չփորձեցին դա անել: Գրեթե բոլոր հանցագործությունները, որոնք վերաբերում են կանանց, այս երկրում չբացահայտված են մնում:

 

Հնդկաստան

800

Հնդկաստանը շարունակում է մնալ հակասությունների երկիր: Զարգացող տնտեսության, առողջապահության հետ միասին հարյուրհազարավոր մարդիկ շարունակում են ապրել աղքատության սահմանին և զրկված հիմնական իրավուքներից, օրինակ՝ կրթության իրավունքից:

Նոր Դելիի թաղամասերում աղքատության պատճառով շատ ընտանիքներ չեն կարողանում իրենց երեխաներին դպրոց ուղարկել, սակայն երեխաներն այնքան շատ են ցանկանում կրթվել, որ նրանց համար կարևոր չէ՝ դա կանեն հարմարավետ դասասենյակներում, թե կամրջի տակ:

Կամրջի տակ գտնվող դպրոցը կազմակերպել է քոլեջի նախկին ուսուցիչ Ռաջեշ Քումա Շարման: Նրա աշակերտները նստում են գետնին, իսկ որպես գրատախտակ ծառայում է բետոնե պատը: Սակայն երեխաները ոչնչից չեն դժգոհում: Նրանք կատարում են տնային աշխատանքները և չեն էլ մտածում արտագրելու մասին, չէ՞ որ գիտելիքն է, որ նրանց հետագայում հնարավորություն է տալու աշխատանք գտնելու և աղքատությունից դուրս գալու:

 

Աֆրիկա

Աֆրիկայի շատ երկրներում կրթությունը երեխաների համար դեռևս շքեղություն է: Այն երկրներում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, տիրում են համաճարակներն ու սովը, կրթության իրավունքը երկրորդ պլան է մղված: Սակայն անգամ նման աղքատ շրջաններում կազմակերպված են պարզագույն դպրոցներ, որոնք գտնվում են ծառերի տակ, որպեսզի արևը չխանգարի: Այստեղ ամենափոքրիկ աշակերտները սովորում են այբուբենն ու գրել:

 

Կոլումբիա

Որոշ երեխաների համար դպրոցի ճամփան իրական փորձություն է, քանի որ այնտեղ հասնում են ոչ թե ցամաքով, այլ 800 մ բարձրությամբ անդունդից թռչելով: Երեխաները բռնվում են մետաղյա լարերից և անցնում Ռիո-Նեգրո գետի վրայով:

 

Չինաստան

Ասյօր Չինաստանն անհավանական արագությամբ զարգանում է: Այն ունի աշխարհում ամենահզոր տնտեսություններից մեկը: Սակայն, չնայած դրան, մեկուսացված և աղքատ շատ շրջաններում երեխաները շարունակում են պայքարել իրենց կրթության իրավունքի համար: Նրան պատրաստ են դպրոց հասնել՝ անցնելով լեռների միջով, տասնյակ կիլոմետրերով:

Հույչժոու շրջանում մինչև 2011 թ. գործում էր մի դպրոց, որը քարանձավի մեջ էր գտնվում: Հույչժոուն չափազանց աղքատ շրջան է, որտեղ կլիմայական պայմաններն անբարենպաստ են: Տեղի երեխաները չունեին կրթություն ստանալու հնարավորություն: 1984 թ. քարանձավում դպրոց կազմակերպեցին, որտեղ սկսեցին դասավանդել տասնյակ ուսուցիչներ, և ուսանել հարյուրավոր երեխաներ: Քարանձավում անգամ փորձեցին սպորտային խաղերի համար նախատեսված փոքրիկ դաշտ ստեղծել:

Կառավարության հրամանով դպրոցը փակվեց, սակայն թե երբ կկառուցեն ժամանակակից դպրոց, դեռևս անհայտ է