Ի՞նչ կանոնների պետք է հետևեն ծնողները, ուսուցիչները և աշակերտները

Ինչպես արդեն հայտնի է, առաջին դասարանցիների դասերը կսկսվեն սեպտեմբերի 14-ին, մնացածինը՝ սեպտեմբերի 15-ից։

Դպրոցի մուտքի մոտ աշակերտները ջերմաչափվելու են։ Դպրոցը վարում է աշակերտների ջերմաչափման մատյան։ Մատյանում գրանցվում են միայն 37 և ավելի ջերմաստիճան ունեցող սովորողների տվյալները։ Բարձր ջերմաստիճան ունեցող սովորողները մեկուսացվելու են դրա համար հատկացված սենյակում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը, այդ մասին տեղյակ է պահվում ծնողը կամ օրինական ներկայացուցիչը և տարածքը սպասարկող կամ կցագրված բժշկական կազմակերպությունը։

Օրվա ընթացքում անձնակազմը և սովորողներն ապահովվելու են անհրաժեշտ դիմակներով և ախտահանիչ նյութերով, հեռահար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով։

Դպրոցի ներսում սովորողների շարժն անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որ բացառվեն կուտակումներն ու սերտ շփումները: Հարկից հարկ տանող աստիճանների մի մասով սովորողները պետք է բարձրանան, իսկ մյուս մասով՝ իջնեն այնպես, որ միմյանց չհանդիպեն: Դպրոցը պետք է ապահովի տեղաշարժի գծանշումը համապատասխան տարածքներում։ Այն դեպքում, երբ նշվածը հնարավոր չէ, դպրոցը նշանակում է հերթապահներ, ովքեր կկարգավորեն սովորողների տեղաշարժը:

Դպրոցում սովորողները պարտադիր կրում են դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ և ըստ անհրաժեշտության:

Սովորողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության հաստատման դեպքում՝ դադարեցվում է տվյալ դասարանի աշակերտների դպրոց հաճախումը 14 օրյա ժամկետով՝ կապ հաստատելով Առողջապահության նախարարության հետ (թեժ գծի հեռախոսահամար՝ 8003): Սովորողների ընտանիքներում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքի արձանագրման դեպքում ապահովվում է նույն դասարանում/խմբում սովորողների նկատմամբ բժշկական հսկողություն:

Բացառվում է սովորողի հաճախումը դպրոց, եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ՝

ա. սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված ցանկի․

բ. տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ․

գ. տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ, և առկա է համապատասխան ցուցում բժշկական հաստատության կողմից:

Ծնողներն պետք է ամրապնդեն երեխաների ձեռք բերած նոր հիգիենիկ վարքագիծը տանը գտնվելու ընթացքում:

Դպրոց սովորողների մուտքն անհրաժեշտ է ապահովել այնպես, որ բացառվեն կուտակումները և ապահովվի սոցիալական հեռավորություն: Այդ նպատակով հասանելի պետք է լինեն դպրոցի բոլոր մուտքերը, ինչես նաև՝ դպրոցի բակում կամ օգտագործելի հարող տարածքում իրականացվում է գծանշում՝ ըստ դասարանների։ Եթե դպրոցը ունի մեկ մուտք, պետք է սահմանվի դպրոց հաճախելու առանձնահատուկ գրաֆիկ։