Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել. դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ ընտրված կալանավորումը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Ա.Վարդանյանի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթում կատարելու,  իր նախկին մերձավորի առեւանգումը, նրա նկատմամբ կողոպուտ եւ սպանության փորձ կազմակերպելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Ա.Վարդանյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ներգրավված լինելով որպես մեղադրյալ եւ կալանավորմանը որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավի կիրառմամբ գտնվելով ազատության մեջ, իմանալով շրջանառության մեջ գտնվող՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի նախագծի նորմի մասին, համաձայն որի՝ առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք համաներման մասին հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչեւ երեք տարեկան երեխա ունենալու դեպքում կարող են ազատվել պատժից, նախնական համաձայնության գալով միայնակ մայր հանդիսացող Ուկրաինայի քաղաքացի կնոջ հետ, նրա հետ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին վերջինիս դստեր կենսաբանական հայրը հանդիսանալու վերաբերյալ սուտ տեղեկություններ հաղորդելու դիտավորությամբ, քրեական պատասխանատվությունից ազատվելու համար հիմքեր ստեղծելու նպատակով, համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի ընդունվելուց 3 օր առաջ՝ 2018թ. հոկտեմբերի 29-ին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին է ներկայացրել երեխայի հայրության որոշման մասին դիմում:

Նախազգուշացված լինելով սուտ տեղեկություններ հայտնելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին, չհանդիսանալով երեխայի կենսաբանական հայրը՝ հայտնել է ակնհայտ սուտ տեղեկություն այն մասին, որ իբր հանդիսանում է 30.08.2018թ. ծնված երեխայի կենսաբանական հայրը: Նշված դիմումի հիման վրա 2018թ. հոկտեմբերի 29-ին երեխայի ծննդյան վերաբերյալ կատարվել է ձեռագիր փոփոխություն, եւ որպես երեխայի հայր նախկինում գրանցված անձի տվյալները փոփոխվել են Ա.Վարդանյանի տվյալներով, ապա նույն օրը կատարվել է հայրությունը ճանաչելու մասին ակտի գրանցում, որով որպես երեխայի հայր գրանցվել է Ա.Վարդանյանը՝ այդ կերպ երեխայի նկատմամբ ձեռք բերելով հայրության իրավունք եւ ստանալով բովանդակությամբ կեղծ, պատասխանատվությունից ազատող հայրության որոշման մասին պետական վկայական:

Այնուհետեւ, 2019թ. հունվարի 17-ին՝ հիշյալ քրեական գործը դատարանում ըստ էության քննելու ժամանակ, գործով ամբաստանյալ Ա.Վարդանյանը դատարանին է ներկայացրել նշված կեղծ վկայականը, որի հիման վրա՝ դատարանը 2019թ. հունվարի 17-ին որոշում է կայացրել՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիմքով Ա.Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են Ա.Վարդանյանի կողմից առերեւույթ կատարված այլ հանցագործություններ եւս:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ Ա.Վարդանյանի կողմից քաղաքացուց շորթմամբ առանձնապես խոշոր չափերով գումար եւ գույք հափշտակելու վերաբերյալ:

Ըստ այդմ, պարզվել է, որ 2012թ. Վարդանյանին դիմել է իր ծանոթը՝ առաջարկելով գումարային պարտավորությունը վերադարձնելու հարցում օժանդակել, ինչին Վարդանյանը համաձայնել է: Այդ նպատակով վերջինս պարտապանին հանդիպման է հրավիրել նախ՝ մեկուսի տարածք, այնուհետեւ՝ իր առանձնատուն: Հանդիպումների ընթացքում, օգտվելով իրեն որպես հանցավոր շրջանակներում հեղինակություն վայելող, մեծ շրջապատ ունեցող եւ օրենքով սահմանված կարգից դուրս գումարի հետվերադարձի հարցեր լուծող անձ ընկալելու եւ դրա արդյունքում իրենից վախենալու հանգամանքից, բռնություն գործադրելու սպառնալիքով, պարտապանից պահանջել եւ ստացել է 50.000 ԱՄՆ դոլար, եւս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ վերջինիս պատկանող «Մերսեդես G» մակնիշի ավտոմեքենան, որը նա անվանափոխել է իր անվամբ, իսկ եւս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց ստացել է նշված անձին պատկանող եւ վերջինիս մոր անվամբ հաշվառված առանձնատունը՝ արդյունքում ընդհանուր առմամբ շորթմամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 60 մլն 261 հազար ՀՀ դրամ գումարին համարժեք դրամական միջոցներ եւ գույք:

Բացի այդ, Ա.Վարդանյանն իր նախկին մերձավորին պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, 2016թ. ամռանն իր մերձավորներին հրահանգել է՝ խմբով, բռնության գործադրմամբ, բացահայտ հափշտակել վերոնշյալ ավտոմեքենան: Այդ նպատակով խմբի անդամները, նախնական համաձայնությամբ, Ա.Վարդանյանի ցուցումներով, Երեւանի Բուռնազյան եւ Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում արգելափակել եւ բացահայտ հափշտակել են հիշյալ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան, սեփականատիրոջ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝  հարվածներ են հասցրել նրան, գցել գետնին ու հեռացել:

Քրեական գործով պարզվել է նաեւ, որ Ա.Վարդանյանը ոչ միայն հափշտակել է հիշյալ ավտոմեքենան, այլեւ կազմակերպել է ավտոմեքենայի սեփականատիրոջ առեւանգումը, որի իրականացումը 2019թ. ամռանը հանձնարարել է իր եղբոր որդուն: Վերջինս, Վարդանյանից ստացած ցուցումների համաձայն, հանցավոր մտադրությունն իրականացնելու ուղղակի դիտավորությամբ, ավտոմեքենայի սեփականատիրոջ բնակության վայրի մոտ հանդիպել է նրան եւ օգտվելով իրենց փոխհարաբերություններում նախկինում ձեւավորված փոխադարձ վստահությունից, հնարավոր դիմադրությունից խուսափելու նպատակով, խաբեությամբ, դիտավորյալ խեղաթյուրելով իրականությունը եւ ներկայացնելով, թե իբր Ա.Վարդանյանի հետ հանդիպման են գնում՝ զրուցելու նպատակով, մոլորեցրել է նրան եւ գաղտնի առեւանգելով՝ տեղափոխել Վարդանյանին պատկանող առանձնատուն, որտեղ վերջինիս ցուցումով, տեւական ժամանակ պահվել է իր կամքին հակառակ՝ միաժամանակ Ա.Վարդանյանի ու քննությամբ չպարզված անձանց կողմից ենթարկվելով բռնության:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ բացի հիշյալ անձին առեւանգելուց եւ նրա նկատմամբ բռնություն գործադրելուց, Ա.Վարդանյանը նաեւ կազմակերպել է նրա սպանությունը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Այսպես՝ Ա.Վարդանյանը, իր նախկին մերձավորի հետ տեւական ժամանակ ունենալով թշնամական հարաբերություններ, հանձնարարել է հանրային վայրում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրան եւ հանցագործությունն իրագործելու նպատակով կազմել պլան ու կատարել դերաբաշխում:

Ըստ դերաբաշխման՝ Վարդանյանի մերձավորներից մեկը 2020թ. մարտի 4-ին վարձակալել է ավտոմեքենա, ապա, բացահայտումը կանխելու նպատակով, խանութից գնված կոշիկի քսուքով սեւացրել է ավտոմեքենայի անվահեծերը, որից հետո իրական համարանիշը փոխարինել է այլ համարանիշով եւ նույն օրը, քննությամբ չպարզված անձի հետ, հիշյալ ավտոմեքենայով ուղեւորվել Ա.Վարդանյանի նախկին մերձավորի բնակության հասցե:

Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Բուռնազյան փողոցում գտնվող արհեստանոցի դիմաց տեսնելով վերջինիս, նպաստավոր պայմաններ ստեղծելով հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, ավտոմեքենայի հետեւի նստատեղին գտնվող, քննությամբ չպարզված անձը ավտոմեքենայի սրահից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, քննությամբ չպարզված հրազենից, մոտ տարածությունից կրակոցներ է արձակել Վարդանյանի նախկին մերձավորի ուղղությամբ, որի հետեւանքով արձակված գնդակներից վնասվածք է ստացել ինչպես նշված անձը, այնպես էլ՝ արհեստանոցում գտնվող մեկ այլ անձ՝ իրական վտանգ ստեղծելով նույն արհեստանոցում գտնվող մյուս մարդկանց կյանքի համար, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելով, դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 182-րդ հոդվածի (շորթում) 3-րդ մասի 2-րդ կետով, 38-176-րդ հոդվածի (կողոպուտի կազմակերպում), 3-րդ մասի 1-ին կետով, 38-131-րդ հոդվածի (մարդու առեւանգման կազմակերպում) 1-ին մասով, 38-34-104-րդ հոդվածի (սպանության փորձի կազմակերպում) 2-րդ մասի 6-րդ կետով:

Վարույթն իրականացնող մարմինը  միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է 2020թ. հուլիսի 15-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ա.Վարդանյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2020թ. մարտի 5-ին, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել էր եւ 2020թ. հուլիսի 12-ին ձերբակալվել:

Քրեական գործի նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից իրականացվել եւ շարունակում են իրականացվել քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, առանձնապես ծանր հանցագործությունների կազմակերպմանը եւ իրականացմանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: