Գիտնականները պարզել են՝ որ ջերմաստիճանի դեպքում է կորոնավիրուսը վերջնականապես «մահանում»

Փորձի ընթացքում հետազոտողները կորոնավիրուսը մեկ ժամ շարունակ տաքացրել են մինչև 60 աստիճան ջերմաստիճանի և պարզել, որ այդ դեպքում վարակի որոշ հատվածներ պահպանում են բազմանալու հատկությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ վարակի՝ մինչև 60 աստիճան մեկժամյա տաքացումը դրա ապաակտիվացման ընդունված ընթացակարգ է լաբորատորիաների մեծ մասում, որտեղ ուսումնասիրում են հիվանդների անալիզները: Սակայն կորոնավիրուսի դեպքում պարզվել է, որ այն վերջնականապես ապաակտիվացնել է հաջողվում միայն 92 աստիճան տաքացման պայմաններում` 15 րոպեի ընթացքում:

Փորձի համար ֆրանսիացի գիտնականներն օգտագործել են աֆրիկյան կանաչ կապկի երիկամի բջիջները, որոնք վարակվել են գերմանացի հիվանդից ստացված կորոնավիրուսով: Վարակված բջիջները տեղադրվել են երկու խողովակում. առաջինը` մաքուր միջավայրով, երկրորդը` կենդանական ծագման սպիտակուցներով՝ ստեղծելով ոչ թե ստերիլացված, այլ ռեալ պայմանների տպավորություն:

Տաքացման սովորական ընթացակարգից հետո մաքուր միջավայրում վարակն ամբողջովին ապաակտիվացել է, սակայն ոչ ստերիլ միջավայրում նրա որոշ մասնիկներ պահպանվել են: Ուսումնասիրողները ենթադրել են, որ ստանդարտ ընթացակարգը կարող է բավարար լինել միայն ցածր վիրուսային ծանրաբեռնվածությամբ օրինակներում այն ապաակտիվացնելու համար, սակայն բարձր ծանրաբեռնվածության դեպքերում դա կարող է չբավարարել:

Փորձի հեղինակները նշել են, որ իրենց ուսումնասիրման արդյունքները պետք է ծառայեն վարակն ապաակտիվացնելու ավելի լավ օրակարգի ընտրմանը` խուսափելու համար վարակների հետ անմիջականորեն աշխատող բուժանձնակազմերի վարակումից:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 183 581 է, մահացել է 146 856 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: