Կանցնի 4-5 տարի մինչև մոլորակի բոլոր բնակիչները պատվաստվեն կորոնավիրուսի դեմ

Աշխարհի խոշորագույն պատվաստանյութեր արտադրող ընկերություններից մեկի ղեկավար Ադար Պունավալան կարծում է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի պակասն աշխարհում կպահպանվի առնվազն մինչև 2024 թվականի ավարտը:

«Կանցնի 4-5 տարի մինչև այս մոլորակի բոլոր բնակիչները պատվաստվեն»,-«Financial Times»-ի հետ զրույցում ասել է Պունավալան՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ անհրաժեշտ կլինի պատվաստանյութի 15 միլիարդ չափաբաժին բոլոր մարդկանց պատվաստելու համար:

«Ես գիտեմ, որ աշխարհը ցանկանում է լավատեսորեն վերաբերվել դրան (պատվաստանյութերի արտադրությանը. Խմբ.), բայց ես չեմ լսել, որ որևէ մեկը նույնիսկ մոտ լինի այս մակարդակին», -ասել է փորձագետը՝ նշելով, որ այս պահին պատվաստանյութեր արտադրող ընկերությունների պարտավորությունները շատ ավելին են, քան կարողությունները: