Կառավարության առաջիկա նիստից հետո կհասկանանք մեր քայլերի հերթականությունը. ՀՅԴ երիտասարդական կազմակերպության՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով երթն ավարտվեց (տեսանյութ)

ARF Youth Union holds a march under the slogan of 'For the sake of national and progressive education' in the streets of Yerevan, Armenia

ՀՅԴ ՀԵՄ անդամների քայլերթ իրականացրին՝ դեպի ԿԳՄՍ նախարարություն՝ նախարարի հրաժարականի պահանջով։

Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարել է, որ ՀՀ-ում կա 3 մլն վարչապետ: ԿԳՄՍ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ձայն բարձրացնող քաղաքացիների, կազմակերպությունների թիվը վկայում է, որ ՀՀ վարչապետներն այսօր այդ հարցն արդեն լուծել են ու հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը: Այս մասին ՀՅԴ ՀԵՄ անդամների՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով քայլերթի ընթացքում հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Հայաստանի տարածքում դժվար է գտնել մարդու, որը որևէ կերպ սատարում է Արայիկ Հարությունյանին: Անգամ նրա քաղաքական թիմի և նախարարության աշխատակիցները պարտադրանքից դրդված միայն արդարացումներ են կարողանում գտնել ստեղծված իրավիճակի համար»,-ասաց նա՝ նշելով, թե Կառավարությունն ու իշխող ուժը պետք է կամք գտնեն խոստովանելու այս ոլորտներում իրենց ձախողումը և օր առաջ հեռացնելու Արայիկ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից:

«Հարցի լուծմանը կարող ենք հասնել միայն հանրային համախմբման դեպքում, ուստի բոլոր այն ուժերի հետ, որոնք սկզբունքային և մարտավարական տարաձայնություն չունեն, և որոնց միակ օրակարգը ԿԳՄՍ նախարարի հրաժարականն է, մենք բաց ենք համագործակցության համար»,-ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով՝ երբ ամեն անգամ բողոքի ձայն է բարձրանում, Հարությունյանը սպառնում է քրեական գործերով, ինչը, ըստ Վարդանյանի, վկայում է այն մասին, որ նախարարը թաքցնում է  ենթադրյալ խախտումներն ու դրանք օգտագործում իր քաղաքական հակառակորդների դեմ:

«Մենք որևէ քրեական գործով կաշկանդված չենք. ով ՀՀ-ում խախտել է օրենքը, պետք է պատասխան տա՝ արդար դատավարության իրավունքով: Մենք մերժում ենք կոմպրոմատային քաղաքականությունը»,-նշեց նա: