Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փլուզված 12 բնակարանների սեփականատերերին ֆինանսական աջակցություն կտրամադրվի

Կառավարությունը հաստատել է որոշում, որով նախատեսվում է  Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի՝ օգոստոսի 26-ին փլուզված թվով 12 բնակարանների սեփականատերերին տրամադրել բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն:

Ներկայացված տվյալների հիման վրա հաշվարկվել է այդ ընտանիքներին հասանելիք աջակցության չափը՝ հիմքում դնելով փլուզված բնակարանների մակերեսները և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ 1 քառ. մետրի ձևավորված արժեքի վերաբերյալ տվյալները:

Անհրաժեշտ գումարը նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացումը ևս վերապահելով նախարարությանը:

Որոշմամբ կարգավորվել են այդ ընտանիքներին աջակցության տրամադրման հետ կապված հարցերը, ընթացակարգերը՝ դիմումների ներկայացումից մինչև վճարում, մշակվել են նաև համապատասխան դիմումների, մատյանի և աջակցության տրամադրման պայմանագրի օրինակելի ձևեր: