«Շենգավիթ» ԲԿ–ում 30–ամյա ծննդկան է մահացել

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 30–ամյա ծննդկան է մահացել։ NEWS.am–ին հարազատները պատմեցին, որ Սեդայի հղիությունն անցել է առանց որեւէ խնդրի, նախօրեին առավոտյան հիվանդանոց է գնացել իր ոտքով, իսկ ժամեր անց արդեն հարազատները չեն կարողացել կապ հաստատել նրա հետ։ Մինչեւ այս պահը ծննդկանի ընտանիքը չգիտի՝ ինչից է մահացել նա։ «Բժիշկ Սիրունյանն է այդ ընթացքում զանգել Սեդայի ամուսնուն, հարցրել այսինչ հակաբիոտիկից կարող է խնդիր ունենալ, մինչդեռ այդ դեղը թերթիկում նշված է, որ հակացուցված է Սեդային, ալերգիա ունի դրանից։ Մեզ ինֆորմացիա տալու  փոխարեն թիկնապահներով են լցրել հիվանդանոցը։ Հարազատները փորձել են վերեւ բարձրանալ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, դրանից հետո միայն Սիրունյանը կանչել է վերեւ ու ցույց տվել, որ Սեդան մահացել է»,– պատմեցին հարազատները։ Ընտանիքի անդամները տարակուսած են, թե ինչու են հիվանդանոցում նման դեղամիջոց ներարկել։ Նշենք, որ Սեդայի առաջնեկն աղջիկ է, վիճակը լավ է։ «Շենգավիթ» ԲԿ–ից NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ծննդկանի մահվան լուրը՝ նշելով, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն։