Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիայի» անհավանական «քամբեքը» (ֆոտո)

Եվրագավաթներում պայքարի մեջ մնացած Հայաստանի վերջին ներկայացուցիչ «Արարատ-Արմենիան» գերդրամատիկ խաղով դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ:

Երկրորդ փուլում Հայաստանի գործող չեմպիոնն Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային», որն ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց թվային առավելությամբ: Մինչև 90-րդ րոպեն «Ֆոլան» հաղթում էր 3:1 հաշվով, սակայն «Արարատ-Արմենիան» կարողացավ փրկել խաղը, իսկ լրացուցիչ ժամանակում խփեց նաև հաղթական գոլը:

Խաղի սկզբնամասում «Արարատ-Արմենիան» ուներ նկատելի տարածքային առավելություն: Դաշտի տերերն ավելի շատ էին գրոհում և 17-րդ րոպեին իրացրած 6-րդ անկյունային հարվածի խաղարկումն ավարտեցին գոլով: Աչքի ընկավ թիմի նորեկ Ջեյսոն Մարտինեսը: Սակայն «Արարատ-Արմենիայի» առավելությունը երկար չտևեց: 2 րոպե անց հյուրերը խփեցին պատասխան գոլը, որն իր անվան դիմաց գրանցեց պորտուգալացի կիսապաշտպան Դիոգո Պիմենտելը: 21-րդ րոպեին դաշտի տերերը կարող էին դարձյալ առաջ անցնել հաշվի մեջ, բայց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն բարձր հարվածեց հարմար դիրքից: Րոպեներ անց Օտուբանջոն կորցրեց ևս մեկ իրական գոլային պահ՝ մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ և կատարելով անհասկանալի փոխանցում: Նիգերիացի հարձակվողը ևս մեկ կոպիտ վրիպում թույլ տվեց 26-րդ րոպեին, երբ դարպասի առջևից կատարեց ևս մեկ շեղ հարված: Խաղակեսի վերջնամասում ևս «Արարատ-Արմենիան» ուներ տարածքային առավելություն, բայց հյուրերն էլ երբեմն-երբեմն անցկացնում էին վտանգավոր հակագրոհներ: 43-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնը մնաց 10 խաղացողներով: Եզրային նետման ժամանակ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ալեքս Ժունիորը գնդակը միտումնավոր ուշ հանձնեց մրցակցին, ինչի համար զգուշացվեց երկրորդ անգամ և ստացավ կարմիր քարտ: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերն ակտիվություն էին դրսևորում ու ստեղծեցին վտանգավոր պահեր: Ընդմիջումից հետո «Ֆոլան» ավելի շատ էր վերահսկում գնդակը, իսկ «Արարատ-Արմենիան» սկսել էր խաղալ երկրորդ համարով: 55-րդ րոպեին «Ֆոլան» 11 մետրանոցի իրավունք ստացավ հակագրոհի արդյունքում: Գնդակին մոտեցավ 32-ամյա հարձակվող Ստեֆանո Բենսին, որը դիպուկ հարվածով առաջ մղեց հյուրերին: Մեկ րոպե անց դաշտի տերերը ունեցան հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն, որը դարձյալ չօգտագործեց Յուսուֆ Օտուբանջոն: Քիչ անց իրական գոլային պահ կորցրեց նաև «Ֆոլան»: 62-րդ րոպեին գոլային պահ կորցնելու հերթը «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ջեյսոն Մարտինեսինն էր: Մրցակիցը հաճախ էր բացեր ունենում պաշտպանությունում, սակայն դաշտի տերերը չէին կարողանում օգտվել դրանից: 73-րդ րոպեին «Ֆոլան» չիրացրեց ևս մեկ իրական գոլային պահ: Ժամանակն անցնում էր, իսկ «Արարատ-Արմենիան» չէր կարողանում մեծ ճնշում գործադրել մրցակցի դարպասի մոտ: 80-րդ րոպեին «Ֆոլան» օգտագործեց իր պահերից մեկը և հաշիվը դարձրեց 3:1: Աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Զակը: «Արարատ-Արմենիայի»՝ խաղը փրկելու փորձերն արդյունք տվեցին 90-րդ րոպեին, երբ դաշտի տերերը ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, իսկ հյուրերը մնացին 10 խաղացողներով: Հարվածը դիպուկ իրացրեց փոխարինման դուրս եկած Մաիլսոն Լիման, որը կրճատեց հաշիվը: Քիչ անց «Ֆոլայի» դարպասին նշանակվեց ևս մեկ 11 մետրանոց հարված: Մաիլսոն Լիման դիպուկ էր նաև այս անգամ: 3:3 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: