«Մինչև օգոստոս Նիկոլին չեզոքացնել չհաջողվեց. գործի կդրվի կոշտ սցենարը». ՌԴ-ն գործակալներ ունի ՀՀ-ի գրեթե բոլոր պետական կառույցներում

 

Ռուսաստանի նախագահական աշխատակազմում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին օպերատիվ մականուն են տվել` «Մորուք», և հատուկ ուշադրությամբ հետևում են նրա ամեն մի քայլին, պնդում է «Դոսյե» կենտրոնը, որը ֆինանսավորում է Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ գործարարներից մեկը` Կրեմլի քննադատ, այժմ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկին:

Հետաքննության հեղինակներն ուսումնասիրել են տասնյակ գաղտնի փաստաթղթեր, վերլուծական զեկույցներ և օպերատիվ ամփոփագրեր, որոնք նրանց տրամադրության տակ են հայտնվել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության գեներալ Վլադիմիր Չերնովի քարտուղարությունից: Թե ինչ ճանապարհով` «Դոսյե»-ն չի մանրամասնում: Հայտնի է միայն, որ խորհրդային տարիներին ԿԳԲ-ի սպա Չերնովը 2012-ից ղեկավարում է Կրեմլի` Արտասահմանյան երկրների հետ միջռեգիոնալ և մշակութային կապերի վարչությունը: «Իրականում, այդ կառույցը ստեղծվել է ԱՊՀ տարածքում «գունավոր հեղափոխությունների դեմ պայքարելու և Ռուսաստանի շահերն առաջ տանելու համար», — պնդում է «Դոսյե»-ն՝ հավելելով. — «Գեներալն իր ամենամեծ հաջողությունը արձանագրել է Հայաստանում, որտեղ «Ռուսաստանի բարեկամների» մի ամբողջ ցանց է գործում՝ և՛ ակնհայտ, և՛ շատ ընդհատակյա»: «Նրանք արմատներ են գցել համարյա բոլոր պետական կառույցներում` կառավարությունում, խորհրդարանում, հատուկ ծառայություններում, Արտաքին գործերի նախարարությունում», — պնդում է զեկույցն ու օրինակ բերում՝ 2018-ին, երբ Աժ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, ռուսամետ Հայկ Բաբուխանյանն այցելել էր Ղրիմ, Ուկրաինայի դեսպանատունը բողոքի նոտա էր հղել Հայաստանի արտգործնախարարությանը, ինչը շատ արագ հայտնվել է Կրեմլում:

2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո, ըստ «Դոսյե»-ի տրամադրության տակ եղած փաստաթղթերի, գեներալ Չերնովի ենթակաները սկսել են հատուկ ուշադրությամբ հետևել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանցից մեկը` ոմն Սվետլանա Մաքսիմովա, զեկուցել է. — «Մինչև օգոստոս, ինչպես Միշան էր խոստանում, Նիկոլին չեզոքացնել չհաջողվեց: Հիմա, ամենայն հավանականությամբ, գործի կդրվի կոշտ սցենարը»: