Գագիկ Ծառուկյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ

Gagik Tsarukyan-ի ֆեյսբուքյան էջից՝

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Արցախի և Սփյուռքի քույրեր և եղբայրներ,
1991 թվականի այս օրը գրվեց Հայաստանի նորագույն պատմության ամենալուսավոր էջերից մեկը: 29 տարի առաջ այս օրն իրականություն դարձավ հայ ժողովրդի տասնամյակներ փափագած երազանքը՝ ազատ ու անկախ հայրենիքի հռչակումը: Այսօր արդեն պետականության հիմքերն ամրապնդելու գործում անելիք ունենք բոլորս: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է դառնալ մեր երկրի առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագայի շինարարը, սերունդներին ավելի լավ հայրենիք ժառանգելու համար համախմբել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ներուժը: Երկիրը շենացնելու գործում չկան սևեր ու սպիտակներ, չկան հայրենիքը շատ կամ քիչ սիրողներ: Անկախությունը մեր երկրի ապագայի հիմնասյունն ու երաշխավորն է, որը պահպանելու առաքելությունը վերապահված է մեզանից յուրաքանչյուրին:
Տոնի առիթով ևս մեկ անգամ ուզում եմ գլուխ խոնարհել բոլոր այն հայորդիների հիշատակի առջև, ովքեր նահատակվել են հանուն Հայաստանի վաղվա օրվա: Հավերժ փառք մեր հերոսներին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով աշխարհասփյուռ հայությանը կարևորագույն այս տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ հարատև խաղաղություն, բարեկեցություն ու բարգավաճում:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս: