Պատասխանատու պահվածք ընդդիմության կողմից

Ադրբեջանի հերթական սադրանքներին հայկական բանակը տալիս է լիարժեք պատասխան, ինչի արդյունքում դեռ երկար ժամանակ թշնամին լիզելու է իր վերքերը: Սա անկասկած է, սրանում վստահ ենք բոլորս, սրանում բազմիցս սեփական փորձով համոզվել են հենց ադրբեջանցիները: Միևնույն ժամանակ, թշնամու ցանկացած ոտնձգություն յուրօրինակ թեսթ է մեզ համար՝ ներհասարակական ու, ինչու չէ, նաև ներքաղաքական հարաբերությունների տեսանկյունից:

Մեկ անգամ չէ, որ մեր հասարակությունն ու քաղաքական ուժերը հաստատել են՝ ցանկացած դեպքում, երբ թեկուզ փոքրինչ վտանգ սպառնա մեր երկրին, մեր սահմաններին, մեր անվտանգությանը, մենք դառնում ենք միակամ, անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունենք օրվա իշխանությունների հանդեպ:

Բարեբախտաբար, այս օրերն էլ բացառություն չեն. ուրախալի է, որ հայաստանյան դասական ընդդիմությունը որևէ ապատեղեկատվություն չտարածեց, ընդհակառակը, իրենք էին կոչ անում մեր հանրությանը՝ չհավատալ կեղծ լուրերին, ապավինել միայն պաշտոնական տեղեկություններին:

Ավելին, ընդդիմադիր շատ գործիչներ սոցցանցերում տարածում էին բացառապես պաշտոնական տեղեկությունները, այդ թվում՝ ոչ միայն ՊՆ-ի, այլև այնպիսի գերատեսչությունների (օրինակ՝ ԱԳՆ-ի), որոնց գործունեությունը պարբերաբար քննադատում են:

«Փաստը» նաև տեղեկություններ ունի, որ ընդդիմադիրները կիրակի օրվանից, ադրբեջանական ագրեսիայի առաջին իսկ րոպեներից առավելագույնս օգտագործել են իրենց միջազգային կապերը՝ հստակ ու ճշգրիտ տեղեկություններ փոխանցելու, թշնամու ապատեղեկատվությունը չեզոքացնելու համար:

Մեզ հետ զրույցում մի քանի քաղաքագետներ նշում էին, որ այս օրերին ընդդիմությունը ցույց տվեց, որ չափազանց պատասխանատու է պետության առջև:

«Ընդ որում, իմ տպավորությամբ, հաճախ ավելի, քան շատ իշխանավորներ»,-ասաց նրանցից մեկը՝ հավելելով, որ, ցավոք, որոշ դեպքերում իշխանության առանձին սատելիտներ, իշխանությանը արջի ծառայություն մատուցողներ ու հենց իշխանական որոշ շրջանակներ ու քարոզիչներ առաջ են մղում ներքաղաքական օրակարգային թեմաներ՝ «սևերի» ու «սպիտակների» քաղաքականության շրջանակներում:

«Իրականում այսօր առաջին հերթին իշխանությունը պետք է հրաժարվի ներքաղաքական դաշտում և ներհասարակական հարաբերություններում ատելության մթնոլորտի տարածումից, բռնի ընդդիմության կողմից պարզված ձեռքը, մի կողմ դնի քաղաքական ու անձնական վերաբերմունքը»,-ասաց մեր զրուցակիցը: