Գիտնականները գտել են կորոնավիրուսի տարօրինակ ախտանշանների բացատրությունը

Ամերիկացի գիտնականները գտել են հոդերի և մկանների ցավերի բացատրությունը, որից բողոքում են կորոնավիրուսով հիվանդ շատ մարդիկ: Հետազոտության արդյունքները հրապարակել է Skeletal Radiology ամսագիրը:
Վարակված որոշ մարդկանց շրջանում առաջանում է ռևմատոիդ արթրիտ, աուտոիմուն միոզիտ կամ մատների ֆալանգների բորբոքում:

Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները Northwestern Medicine կլինիկայի բժիշկների հետ համատեղ, ուսումնասիրություն են կատարել՝ օգտագործելով ճառագայթային մեթոդներ՝ CT, MRI, ուլտրաձայնային հետազոտություն, և պարզել են, որ նման ախտանիշները պայմանավորված են մարմնի աուտոիմուն արձագանքով:

«Մենք հասկացանք, որ կորոնավիրուսը օրգանիզմին ստիպում է հարձակվել ինքն իր վրա, ինչը կարող է երկարատև բուժում պահանջող ռևմատոլոգիական խնդիրներ առաջացնել», – ասում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Հյուսիսարևմտյան համալսարանի Ֆայնբերգի բժշկության դպրոցի մկանակմախքային ճառագայթաբանության ասիստենտ Սվատի Դեշմուկը:

Գիտնականը նշեց, որ հիվանդների մեծ մասը առողջանում է, բայց որոշ հիվանդների ախտանշանները պահպանվում են երկար ժամանակ՝ ազդելով կյանքի որակի վրա: Նման դեպքերում խոսքը նյարդերի վնասման, արյան հոսքի խանգարման կամ արյան մեջ մակարդուկների առաջացման մասին է: