Հայաստանը՝ երկու ծայրահեղության ճահճում

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի ռեպորտաժում ներկայացվում էր արցախյան կարգավորման գործընթացում Կազանից մինչև 2018թ. ընթացքը, որտեղ, ըստ ռեպորտաժի, հայկական կողմի համար եղել է ավելի ու ավելի անբարենպաստ իրավիճակ: Ընդհանուր առմամբ դա բնութագրվում էր «տարածքներ՝ խաղաղության դիմաց» պայմանով, որի մասին Բաքուն սկսեց խոսել, իսկ համանախագահները սկսեցին լռել 2017-ի վերջից-2018-ի սկզբից:

2018 թվականի ապրիլի 17-ին խորհրդարանում իր վարչապետության հարցի քննարկմանը ելույթ ունեցած Սերժ Սարգսյանը ըստ էության քողարկված, սակայն շատ թափանցիկ տողատակով ակնարկեց, որ պատերազմ սպասելի է ամեն վայրկյան: Ադրբեջանից ուխտադրուժ գործողություն սպասելու մասին նրա հայտարարությունը հենց դա էր՝ սպասել պատերազմ ամեն րոպե:

2018 թվականին էր նաև, որ Ալիևը, այսպես ասած, վեց ամիս առաջ տվեց նախագահի հերթական ընտրությունը, որ տեղի էր ունենալու նույն թվականի հոկտեմբերին, և անցկացրեց այն ապրիլին: Զուգահեռ Բաքուն հայտարարում էր, որ Հայաստանում իշխանության 2018-ի հարցը լուծվելուց հետո ունի առարկայական բանակցության անցնելու ակնկալիք, որը, այլ կերպ ասած, նշանակում էր թերևս տարածքների վերադարձի մասին թղթի ստորագրության ակնկալիք: Ըստ երևույթին հակառակ պարագայում Ալիևը արդեն 2018-ի հոկտեմբերին ծրագրում էր սկսել պատերազմ՝ իհարկե, Թուրքիայի աջակցությամբ, առանց որի Բաքուն չէր շարժվի տեղից: Ռուսաստանի լռության հարցում Ադրբեջանը թերևս վստահ էր: Սերժ Սարգսյանը բանակցային իրավիճակի վերաբերյալ այժմ բնականաբար պնդում է հակառակը:

Ամեն ինչ շատ հասկանալի է, մոտիվները պարզ են, իրավիճակը Հայաստանում այդ առումով նոր չէ: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը անկասկած կպնդի, որ ինքն ավելի լավ ժառանգություն է թողել Սարգսյանին՝ Վարդան Օսկանյանն ու Քոչարյանի թիմը մոտ տասը տարի քննադատում էին Սարգսյան-Նալբանդյան քաղաքականությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը բնականաբար ասում է, որ իր տարբերակն էր ամենալավը, իրենից հետո ամեն ինչ վատացել է:

Իրականում Հայաստանը հաղթանակից հետո ըստ էության կանգնել է վատի ու վատթարի ընտրության առաջ: Վատի ու վատթարի, երբ համադրում ենք որևէ հնարավոր տարբերակ հաղթանակի բովանդակության ու մասշտաբի և Հայաստան-Արցախ անվտանգային սպառնալիքների ծավալի հետ: Ընդ որում, էական էլ չէ, թե որն էր վատը, որը՝ վատթարը: Ամեն մեկը պնդում է իրենը, և բնականաբար չունենք որևէ մեկի պնդումը ստուգելու ստույգ և բացարձակ մեխանիզմ:

Խնդիրը թերևս այն է, որ Արցախի հարցում բանակցային գործընթացի, մեղմ ասած, անկումային տրամաբանությունը բխել է ոչ թե հենց Արցախի հարցում սխալներից, այլ պետականության հարցում մեծ սխալից: Խոսքը անգամ պետականության որակների մասին չէ, այլ դրա ռեգիոնալ և միջազգային դերակատարման սխալ գնահատման, որից էլ թերևս բխել են որակների հետ կապված սխալները: Հայկական «էլիտան» դիտարկել է հայկական պետականությունը իբրև ռեգիոնում ռուսական քաղաքականության անբեկանելի հենակետ՝ դրանով իսկ քայլ առ քայլ սկսելով խեղել Հայաստանի անվտանգային միջավայրը, որի ամենազգայուն կետը բնականաբար Արցախի հարցն էր: Ընդ որում, սրա հակառակն էլ՝ մանիպուլյատիվ խաղարկումներով դիտվել է, այսպես կոչված, «հակառուսականության» շեշտադրումը: Այսինքն՝ եթե դու Ռուսաստանի անվերապահ նվիրվածության ու ենթակայության դիրքում չես, ապա անվերապահ հակառուսականության դիրքում ես:

Ահա այսպես, հայկական պետականությունը քայլ առ քայլ գցվել է երկու ծայրահեղությունների ճահիճ, որտեղ արդեն որևէ նշանակություն չուներ, թե որ ծայրահեղությունն էր ճահճից չոր դուրս գալու՝ որևէ դեպքում դուրս չէր գալու պետությունը: Ծայրահեղությունները շարունակում են իրենց աշխատանքը: