Նոր Սահմանադրության կարիք հաստատապես կա. Սահմանադրության ամբողջությամբ նոր տեքստ է պետք

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ից հետո որևէ նիստ չի գումարել։ Հանձնաժողովի անդամներ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, արդեն անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տևական ժամանակ առհասարակ չեն մասնակցում նիստերին։ Տարոն Սիմոնյանը նպատակահարմար չի համարում հիմա դրանով զբաղվելու, քանի որ հիմա խնդիրներ կան, որոնք առաջնային են: Հանձնաժողովի գիտնական-անդամներից մի քանիսը նույնպես չեն մասնակցում նիստերին։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով հանձնաժողովի շուրջ ստեղծված իրավիճակին, նշեց. «Պատկերը հետևյալն է. հանձնաժողովի գիտնական-անդամներից մի քանիսը պատրաստ չեն նույն ինտենսիվությամբ շարունակելու աշխատանքը, բացի այդ, ընդդիմությունից Տարոն Սիմոնյանը դադարեց ներկա լինել, Գևորգ Պետրոսյանը միայն առաջին նիստին է ներկա եղել, հանձնաժողովի բնականոն աշխատանքը չի վերսկսվել։ Այդ ընթացքում տեղի է ունեցել ամփոփիչ նիստ, որի ժամանակ ամփոփվել են անցած տարվա աշխատանքները, և նաև արդարադատության նախարարը և հանձնաժողովի համակարգողը պետք է ներկայացնեն վարչապետին, որպեսզի որոշվեն հետագա անելիքները»։

Պատերազմը սկսվելուց հետո հանձնաժողովի նիստերը դադարեցվել են, ինչի արդյունքում խախտվել է ժամանակացույցը։ Ըստ ժամանակացույցի՝ արդեն 2020-ի հոկտեմբերին հայեցակարգը պետք է պատրաստ լիներ և հանրային քննարկման ներկայացվեր։ Պատգամավորը նկատեց, որ եթե պատերազմ չլիներ, հնարավոր է ժամկետների առումով երկու շաբաթվա ուշացում լիներ, քանի որ հայեցակարգի վերջնական պատկերի առումով վերջնական փուլն էր։

Այնուամենայնիվ, Հովակիմյանի խոսքով՝ նոր Սահմանադրության կարիք հաստատապես կա՝ հաշվի առնելով, որ այս պատերազմից հետո ի հայտ են եկել նոր իրողություններ։ Իսկ թե երբ է իշխանությունը մտադիր կյանքի կոչել սահմանադրական փոփոխությունները, Հովակիմյանը դժվարացավ ասել՝ համարելով, որ այդ հարցի հասցեատերը ինքը չէ, այլ վարչապետը։ Այս պահին հանձնաժողովի աշխատանքների վերսկսման հետ կապված նույնպես որոշակիություն չկա։

Հանձնաժողովի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ նշեց, որ հանձնաժողովականների մի մասի բացակայությունը նիստերից շատ դժվարացնելու է սահմանադրական բարեփոխումների ընթացքը, որովհետև նախ՝ քվորումների հետ կապված կարող է խնդիր առաջանալ, երկրորդ՝ աշխատանքային ձևաչափն է փոփոխվում, և աշխատանքը փաստորեն պետք է իրականացնել գրեթե 40 տոկոս քիչ կազմով, ինչը շատ ավելի դժվար կլինի: «Իրականում ես շատ ափսոսում եմ, քանի որ այդ անձանցից շատերը պրոֆեսիոնալներ էին, բայց դա իրենց իրավունքն է, որոշումն է, իշխանությունը մտադիր է այդ մարդկանց այլ անձանցով փոխարինել և շարունակել աշխատանքները»,- հավելեց Իոաննիսյանը։

Նրա կարծիքով՝ հայեցակարգը կես տարով հետաձգելու դեպքում հնարավոր կլինի ամբողջացնել, իսկ հետո նախագիծը ներկայացնել։

Իոաննիսյանը կարծում է, որ Սահմանադրության մեջ շատ բան կա փոխելու, բովանդակային առումով պետք է հսկայական փոփոխություններ կատարել, այդ թվում՝ դատական իշխանությանը վերաբերող գլուխներում, սահմանադրական կարգի, մարդու իրավունքների, գրեթե գլուխ չի մնում, որ չփոխվի, դատախազության, քննչական մարմինների հետ կապված։

Իսկ ինչ վերաբերում է բուն ժողովրդավարության մեխանիզմներին, Իոաննիսյանի խոսքով, այնքան բան կա փոխելու, բայց շատ կարևոր է նաև, որ փոխվի և Սահմանադրության ամբողջությամբ նոր տեքստ լինի, որը  չկեղծված հանրաքվեով կունենա ժողովրդի աջակցությունը։