«Իսկանդերի» մասով Փաշինյանի հայտարարությունն ուսումնասիրման կարիք ունի․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Իսկանդեր» հրթիռային համակարգերի թեման արծարծելը անթույլատրելի էր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 1in.am-ի հետ զրույցում արձագանքելով Սերժ Սարգսյանի մեղադրանքին, թե ինչու պատերազմի երրորդ օրը «Իսկանդերը» չի կիրառվել, հարց է հնչեցնում, թե ինչու հրթիռը չի պայթել կամ պայթել է 10%-ով:

Անդրանիկ Քոչարյանը պնդեց` այս դիսկուրսի մեջ չի ներքաշվի, «Իսկանդերի» կրակոցը ոչ կհաստատի, ոչ էլ կհերքի, սակայն հավելեց` պաշտոնաթող նախագահի հարցազրույցներն ազգային անվտանգության տեսանկյունից մեծ վտանգներ են պարունակում Հայաստանի համար, հնչեցված մտքերն ապագայում օգտագործվելու են Հայաստանի դեմ: