«Իսկանդերը» լիներ էլ, չէր աշխատելու, որպեսզի Լավրովի պլանն իրականանար

«Առաջին լրատվական»-ին տված բացառիկ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը սենսացիոն հայտարարություն է արել՝ հայտարարելով, թե «Իսկանդեր»-ի հրթիռները չեն պայթել, կամ պայթել են տասը տոկոսով: Նա նաև նշել է, թե Սերժ Սարգսյանը տալիս է հարցեր, որոնց պատասխանը հենց ինքն էլ գիտի: Իսկ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում զարմանք էր հայտնել, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդերը» չի կրակել:

Այս առնչությամբ քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ Սերժ Սարգսյանը երբեք ճիշտ չի խոսում։ «Ինքը ընդհանրապես չի կարողանում խոսել, ժարգոնով է խոսում, նախագահ եղած մարդը հայերեն չի խոսում, նրա նախադասությունները հայոց լեզվով չեն: Նա անընդհատ ինչ-որ մանիպուլյատիվ բաներ է ասում: Սերժը և մյուսները չեն գիտակցում, որ իրենց դարաշրջանն ավարտվել է, ժողովուրդն իրենց դուրս է դրել գործընթացներից, և իրենք որոշ հարցերի պետք է պատասխանեն, առաջին հերթին պաշտպանության վերաբերյալ: Հիմա երկուսն էլ իրենց խոսքն ասում են՝ մեկը գործող վարչապետը, մյուսը՝ անցյալի մունետիկ կամ հուշ Սերժ Սարգսյանը: Մենք նայում ենք իրավիճակին պատերազմի արդյունքներով՝ չլինելով որևէ մեկի կողմը: Պատերազմը ցույց տվեց, որ մենք, ըստ էության, 30 տարվա ընթացքում բանակ չենք ստեղծել: Պարզվում է՝ բանակ չենք ունեցել, ունեցել ենք բուտաֆորիա՝ նախագահ-գերագույն գլխավոր հրամանատարով, փայլուն ուսադիրներով և 100 կգ-ից ծանր գեներալներով: Որովհետև այն բացատրությունները, որ տալիս են զինվորականները, ինձ համար բացարձակ ընդունելի չեն»,- ասաց Շիրինյանը՝ հավելելով, որ հենց դա է պատճառը, որ նոր իշխանության դեմ այդպիսի հակագրոհ կա, որովհետև նախատեսել էին բոլոր մեղքերը գցել մի տեղ, հարցը փակել, վերջանա գնա:

Հարցին, թե սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Հայաստանը պետք է փորձի զենք ձեռք բերել նաև այլ երկրներից, ոչ ռուսական աղբյուրներից, քաղաքագետը պատասխանեց. «Հայաստանի ցանկացած իշխանություն պարտավոր է բոլոր պետությունների հետ գոնե հիմա իր հարաբերությունները ճշտել, ոչ թե ախպերական, գողական բարքերով, այլ պետական շահերի գիտակցությամբ: Գումարած դրան՝ պետք է հասկանալ, որ Հայաստանի և հայ ժողովրդի շահերը պատերազմից հետո առավել քան վտանգված են: Ասում են՝ պատերազմը պետական քաղաքականության շարունակությունն է բռնի միջոցներով: Իսկ պետական քաղաքականությունը Արցախի հարցով ձևավորվել է 1994 թվականից, որն էլ բերեց հանգեցրեց այս իրավիճակին: Հետևաբար, «Իսկանդերը» լիներ էլ, չէր աշխատելու, որպեսզի Լավրովի պլանն իրականանար: Եթե «Իսկանդերն» աշխատեր, Լավրովյան 5+2 պլանը չէր իրականանալու: Հիմա ով ինչ ուզում է ասի, իրականությունն այն է, որ Հայաստանին զինել են այնքանով, որքանով պետք է զինեին, իբր բանակ ունենք, նախագահ ունենք, բայց մենք այդ բանակը չունեցանք: Ի վերջո, չմոռանանք, որ Ռուսաստանն էր զինում Ադրբեջանին»:

Շիրինյանն անհրաժեշտ է համարում պատերազմի հանգամանքների մանրամասն քննությունը, իսկ դրա համար պետք է ուժեղ պետություն և կայունություն։ «Բայց այսպես կոչված «փրկիչները» թո՞ւյլ են տալիս կայունություն:, Իհարկե, ոչ: Մեզ պետք է մեր գերիներին հետ բերել, անկայունություն ունեցող պետությունը կարո՞ղ է դա անել: Չի կարող: Այնպես որ, այս հարցադրումներն արեք 3+ փրկիչներին՝ ՀՀԿ, ԲՀԿ և Դաշնակցություն՝ գումարած մնացածները:

Քանի որ իրենք չեն հանգստանում, պետությունն իր ողջ իրավական համակարգի մեխանիզմները պետք է կարգավորի, որպեսզի երկրում թույլ չտա այդ ուժերի խոստացած կաթվածահար վիճակը: Եթե այս վիճակը երկար շարունակվի, ինչ-ինչ պատճառներով չստացվի կարգավորել այս հարցը, ես չեմ բացառում օտարերկրյա միջամտություն: Իշխանությունը պետք է շատ շտապ կարգուկանոն հաստատի, որի համար ինքը բոլոր լիազորություններն ունի: Այդ 3+ ուժերը ոչ մեկին չեն ներկայացնում, բացի անցյալի և գողապետության շահերից»,- ընդգծեց նա: