Ադրբեջանը վերջին շրջանում փորձում է տարբեր փաթեթավորմամբ հանդես գալ պատերազմի սպառնալիքներով․ Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Ինտերֆաքս» լրատվականի հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

Անդրադառնալով ադրբեջանական ղեկավարության՝ խաղաղ բանակցային գործընթացի մասին օրերս արված հայտարարություններին նա նշել է․

«Հակամարտությունն ունի երեք կողմ, որոնք ստորագրել են հրադադարի համաձայնագրի ներքո:

Նախկինում Ադրբեջանը բանակցում էր ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության հետ: Այնուհետև Ադրբեջանը մերժեց ԼՂ հետ բանակցելը: Եթե այժմ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ բանակցելուց, ապա պարզ չէ, թե ում հետ է բանակցելու ԼՂ հակամարտության հարցով: Արդյոք մտադիր է վերսկսել իր բանակցությունները արցախյան կողմի հետ, թե ոչ, մենք չգիտենք:

Ադրբեջանը վերջին շրջանում փորձում է տարբեր փաթեթավորմամբ հանդես գալ պատերազմի սպառնալիքներով: Եթե բանակցություններից դուրս գալու իր սպառնալիքն այդ շարքից է, ապա դա մեզ ոչ զարմացնում է, ոչ էլ՝ տպավորում:

Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն և հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման դիրքերից»: