Արցախի նախագահը հանդիպումներ է ունեցել Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին հանդիպումներ է ունեցել ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։ Այս լուրը «Արցախպրեսի» հետ զրույցում հաստատել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը, հաղորդում է «Արցախպրեսը»։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից «պահանջում» է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում։ Նախօրոք հայտարարած՝ միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակի հաղթահարման հետ կապված որոշ հարցեր՝ հիմք ընդունելով Հայաստանի ու Արցախի ներքին կայունության ու արտաքին անվտանգության առաջնահերթությունները: Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը, և որևէ ճնշման մասին խոսք չի կարող լինել»,- ասել է Ավանեսյանը: