Ինչպիսին կլինի եղանակը մարտին. կլիմայական բնութագիրը

Մարտին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից եւ հետեւաբար ցերեկվա տեւողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերեւույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3.9⁰C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3.2⁰C, երրորդ տասնօրյակում` +0.5⁰C:

Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում եւ Կոտայքում բացասական է` -1…-4⁰C, Լոռիում (Տաշիրում` -3⁰C), Սյունիքի,  Արագածոտնի նախալեռներում` 0…+2⁰C, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3…+8⁰C: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում եւ Երեւանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում,  Շիրակում`  երրորդ տասնօրյակներում:

Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` -28…-34⁰C, նախալեռներում` -24…-30⁰C, հովտային շրջաններում` -13…-17⁰C, Արարատյան դաշտում` -17…-25⁰C:

Մերձավոր Արեւելքից եւ Միջերկրական ծովի շրջաններից Արեւադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19…22⁰C, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23…27⁰C, Սյունիքի հովիտներում` 25…30⁰C:

Երեւանի միջին ամսական ջերմաստիճանը 5.1⁰C է, առաջին տասնօրյակում` 3,0⁰C, երկրորդ տասնօրյակում` 5.0⁰C եւ երրորդ տասնօրյակում` 7.2⁰C: Ջերմաստիճանը Երեւանի բարձրադիր եւ ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքի ցածրադիր մասերում` -25.2⁰C, բարձրադիր մասերում` -16.4⁰C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները  1970թ.` 27⁰C եւ 2001թ.`  24.8⁰C :

Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13 օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24մմ:

Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բ/լ կայանում կազմում է 160սմ, Ջերմուկում` 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65սմ, Շիրակում` 40-50սմ: Հանրապետության նախալեռնային եւ հովտային շրջաններում ձնածածկը վերանում է մարտի սկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայուն ձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքը ինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը  գերազանցում է +3⁰…+5⁰C:

Եղանակի վտանգավոր երեւույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ եւ ցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն`  800-1000մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում:

Եղանակի կանխատեսում 2021թ. մարտ ամսվա համար

Արարատի եւ Արմավիրի մարզեր,

Արագածոտնի եւ Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+6⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:  Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ  -3…-5⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ +18…+20⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -22…-24⁰C, առավելագույնը՝ +25…+28⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է բազմամյա միջին քանակից ավելին  (նորման 25-35մմ):

Շիրակի եւ Գեղարքունիքի մարզեր,

Արագածոտնի եւ Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…-5⁰C, որը  մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը մինչեւ -8…-12⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ +10…+13⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -30…-33⁰C, առավելագույնը՝ +17…+20⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին  (նորման 40-60մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…+2⁰C, որը  մոտ է բազմամյա միջին արժեքին:  Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ -8…-11⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ +17…+20⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -26…-28⁰C, առավելագույնը՝ +22…+25⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից  ավելին (նորման 35-40մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+5⁰C, որը  մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ  -3…-6⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +20…+22⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -12…-16⁰C, առավելագույնը՝ +27…+30⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից  ավելին  (նորման 40-50մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +4…+6⁰C, լեռնային շրջաններում` -2…-4⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում մինչեւ -3…-5⁰C, լեռնային շրջաններում՝ -8…-13⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում՝ +18…+20⁰C, լեռնային շրջաններում՝ +10…+13⁰C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ -20…-22⁰C, լեռնային շրջաններում՝ -27…-30⁰C, առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ +27…+28⁰C, լեռնային շրջաններում՝ +17…+20⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին (նորման 50-80մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +6…+7⁰C, նախալեռնային շրջաններում` 0…+2⁰C, որը  մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը հովտային շրջաններում մինչեւ -2…-5⁰C, նախալեռնային շրջաններում՝ -7…-10⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +22…+25⁰C, նախալեռնային շրջաններում՝ +12…+17⁰C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ -12…-15⁰C, նախալեռնային շրջաններում՝ -27…-30⁰C, առավելագույնը հովտային շրջաններում +30…+32⁰C, նախալեռնային շրջաններում՝ +23…+25⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին  (նորման 35-75մմ):

Երեւան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4…+5⁰C (նորման՝ 5.4 աստիճան), որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը մինչեւ -3…-5⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչեւ +18…+20⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -23…-25⁰C, առավելագույնը՝ +26…+28⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին  քանակից ավելին  (նորման՝ 40 մմ):