«Թավշյաները» Հայ ժողովրդին տարաբնույթ բաժանումների ենթարկեցին, պառակտեցին ու տարան պարտության. ո՞վ կարող է Հային ու Հայաստանը դուրս բերել այս ճահճից

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Սամսոն Զիրոյանն իր ֆեյսբուքի էջում գրում է.

Հայաստանում տեղի ունեցող զարգացումներն անհնար է դիտարկել քաղաքական կամ իրավական հարթությունում. մենք այսօր գործ ունենք պետական համակարգի պլանավորած կազմաքանդման, և, որ վատթարագույնն է, Հայաստանի Հանրապետության դեմ արշավի: Այս ամենը ներկայացվում է «Հանուն Հայաստանի» և «Հանուն հայրենիքի» կարգախոսներով, իսկ իրականում՝ քողարկում է դավադիր պլաններ, որոնց կյանքի կոչելու համար, այսօրվա իշխանությունները շահարկում են մեր հայրենակիցների Սուրբ հիշատակը, նրանց ծնողների և հարազատների հոգեվիճակը և սպառնում՝ իբրև, հակաիշխանական տրամադրությունների ֆոնին, հնարավոր է՝ նախկինները հետ գան:

Նախ ասեմ՝ «թավշյաները» Հայ ժողովրդին տարաբնույթ բաժանումների ենթարկեցին, պառակտեցին ու տարան պարտության, իսկ հիմա էլ, որպես բոլոր խաղերը խաղացած, նախկին ու ներկա են խաղում, որոնցից յուրաքանչյուրը սպառնում է հրեշավոր ապագա դառնալ Հայաստանի ու Հայ ժողովրդի համար:

Ցավոք, շատերն օգտվում են պառակտված այս վիճակից ու ավելի են խորացնում այն՝ հանուն ինչ-որ քաղաքական շահերի՝ վտանգելով Հայաստանի ազգային-պետական շահը: Ուստի, օրհասական է դարձել նոր որակի իշխանության ձևավորումը, որի շուրջ կհամախմբվի Հայ ազգի սերուցքը և Հայաստանը կմղի զարգացման ու հզորացման:

Պետք է ձևավորել Ժողովրդի կողմից վստահելի իշխանություն, իսկ ռազմավարական գործընկերոջ համար՝ հուսալի և անդավաճան դաշնակից:

Ո՞վ կարող է Հային ու Հայաստանը դուրս բերել այս ճահճից: Իհարկե՛, Ազգային-պետական-ռազմական այն գործիչն, ով՝

1-ին. Մասնակցել է նորանկախ Հայաստանի 30-ամյա պատմության ընթացքում Հայաստանի, Արցախի ու Հայ ազգի անվտանգության պաշտպանության համար տեղի ունեցած պատերազմներին կամ գոնե վերջին պատերազմին,

2-րդ. Պետական կառավարման համակարգում ունի նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ և երբեք որևէ կապ չի ունեցել և չունի որևէ չափի կոռուպցիոն գործունեության ու կաշառակերության հետ,

3-րդ. Ազգային արժեքների՝ Հայրենիք, Ընտանիք, Եկեղեցի, կրողն է ու մերժում է բոլոր տեսակի արատավոր և այլասերված երևույթները,

4-րդ. Նորանկախ Հայաստանի պատմության 30 տարիների ընթացքում մշտապես հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միայն ու միայն պետք է լինի Հայ ազգի դարավոր բարեկամ, Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ,

5-րդ. Երբևէ ոչ մի կապ չի ունեցել և չունի Հայաստանն ու Հայ ազգին որպես առարկա դիտարկող արևմուտքի հետ:

Լինելով «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ՝ հպարտորեն կարող եմ ասել, որ, հանձին մեր կուսակցության Առաջնորդ Խաչիկ Ասրյանի, ունենք հզոր Առաջնորդ, ով համապատասխանում է Հայ ազգին առաջնորդելու վերոնշյալ բոլոր չափանիշներին, ինչի վկայությունն են նրա՝ տարիների անբասիր աշխատանքը, Ազգային-Քրիստոնյա արժեհամակարգն իր մեջ կրելու հստակ ուղեգիծը, Հայրենիքի պաշտպանության հարցում՝ կյանքը միշտ զոհասեղանին դնելու պատրաստակամությունը:

Վստահ եմ, որ Հայաստանն ու Հայ ազգն անպարտելի են՝ «Հավատքո՛վ-Ուժե՛ղ- Միասնակա՛ն» կարգախոսը կյանքի կոչելով:

 

Սամսոն Զիրոյան