«Ալյանսը» պատրաստվում է հանրահավաքի

«Ալյանս» կուսակցությունը, որը դիրքավորվում է այլընտրանքային ընդդիմադիր տիրույթում, պատրաստվում է հանրահավաքի։ Կուսակցությունում կարծում են, որ հանրահավաքի ժամանակ իշխանափոխության հայտ տալու հետ մեկտեղ հարկավոր է ներկայացնել  մի քանի առանցքային ծրագրային կետ և թիմ, ասել է թե  այլընտրանքային կաբինետ, որը պետք է դրանք իրականացնի։

Այդ պատրաստությունների շրջանակներում «Ալյանսում» ընտրեցին մասնագիտացված հանձնաժողովների ղեկավարներ։ Իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար ընտրվեց փաստաբան Սոնա Գուլքանյանը, տնտեսականի ղեկավար՝«Ադամանդ-կ»ՍՊԸ հիմնադիր տնօրեն Հակոբ Հակոբյանը, արտաքին կապերի՝ Եվրասիական հետազոտությունների կենտրոնի հայկական մասնաճյուղի տնօրեն Պավել Ավագյանը, սպորտի հանձնաժողովի՝ սուսերամարտի սպորտի վարպետ Գագիկ Հովհաննիսյանը։

Առաջիկայում սպասվում են կուսակցության ևս երեք հանձնաժողովների նախագահների ընտրություններ։ Հանրահավաք հրավիրելու մասին հայտարարվել էր հունվարին տեղի ունեցած «Ալյանսի» համաժողովի ժամանակ։