Արհեստական ինտելեկտը կարող է կանխատեսել նախասրտերի ֆիբրիլյացիայի եւ կաթվածի հավանականությունը. հետազոտություն

Արհեստական ինտելեկտը կարող է կանխատեսել նախասրտերի նոր ֆիբրիլյացիայի եւ այս խնդրի հետ կապված կաթվածի հավանականությունը, պարզել է Geisinger եւ Tempus բժշկական կենտրոններից գիտնականների խումբը:

Circulation ամսագրում հրապարակված հետազոտության մեջ օգտագործվել են սրտից ստացվող էլեկտրական ազդակները, որոնք չափվել են 12 հատվածներում էլեկտրասրտագրմամբ՝ հայտնաբերելու համար պացիենտներին, որոնց մոտ կարող էր զարգանալ նախասրտերի ֆիբրիլյացիա, այդ թվում՝ այս խնդրի հետ կապված կաթվածի զարգացման ռիսկի խմբից:

Գիտնականներն իրենց մոդելի մշակման համար օգտագործել են Geisinger-ում 35 տարվա բուժման ընթացքում 430 հազար պացիենտների 1,6 միլիոն էլեկտրասրտագիր: Այս տվյալները կիրառվել են խորը նեյրոնային ցանցի ուսումնասիրման համար: Դրա արդյունավետությունը գերազանցել է նախասրտերի ֆիբրիլյացիայի հավանականության կանխատեսման ընթացիկ կլինիկական մոդելների արդյունավետությունը:

Ավելին՝ պացիենտների 62 տոկոսը, որոնք տեղյակ չէին նախասրտերի ֆիբրիլյացիային, եւ որոնց մոտ 3 տարվա ընթացքում տեղի է ունեցել նախասրտերի ֆիբրիլյացիայի հետ կապված կաթված, նախքան կաթված ստանալը մոդելով որոշվել են որպես բարձր ռիսկով պացիենտներ: