Դատավորներ Արա Կուբանյանն ու Գևորգ Նարինյանը կզրկվեն ազատությունից. ԱԱԾ միջնորդությունը ԲԴԽ-ն բավարարեց

Երեկ` հուլիսի 17-ին, Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները՝ ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանին և Գևորգ Նարինյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ։

Այս մասին հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ԼՈՒՐԵՐ.com-ը դեռևս մի քանի օր առաջ հայտնել էր, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Սնանկության դատարանում, սակայն երկար ժամանակ պաշտոնական աղբյուրները ոչ դատավորների անուններն էին հայտնում, ոչ էլ գործի այլ մանրամասներ:

Ըստ լուրերի, գործը կապված է Գևորգ Նարինյանի վարույթում քննվող Հյուսիս-Հարավ մայրուղու հետ կապված սնանկության գործի հետ, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահմամբ ինչ-որ մեկի գույքը խլելու հետ։ Ըստ լուրերի՝ խուզարկություններ են կատարվել սնանկության 3 և վարչական դատարանի 1 դատավորի աշխատասենյակում, որոնք հարցաքննվել են հենց իրենց աշխատասենյակներում։