Էրդողանը հուսահատ կերպով փորձում է գրավել Բայդենի ուշադրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին շաբաթներին մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք, ըստ երեւույթին, պետք է հանգստացնեն ԱՄՆ-ին նախագահ Ջո Բայդենի ուշադրությունը գրավելու  հուսահատ փորձերում: Սակայն դա նրան չի հաջողվել, հայտնում է Insider-ը՝ վկայակոչելով դիվանագետներին եւ պաշտոնատար անձանց:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին անցած շաբաթ հայտարարել էր, որ Բայդենը «ինչ-որ պահի» կզանգահարի Էրդողանին:
Ընտրություններում Բայդենի հաղթանակից ի վեր Էրդողանը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների է փոխել, որոնք կասկածելի էին Միացյալ Նահանգների նկատմամբ, եւ բանակցություններ է առաջարկել՝ սպառազինությունների գործարքի հետ կապված փակուղուց դուրս գալու համար: 2020-ի ընտրություններից մի քանի օր անց, երբ Բայդենի հաղթանակն ակնհայտ դարձավ, Էրդողանը երկու բարձրաստիճան պաշտոնյայի փոխեց, որոնց ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն նրա լոյալիստներն են համարում, ովքեր սերտորեն կապված են կոռուպցիայի եւ անտնտեսվարության հետ:

Խոսքը Մուրատ Ույսալի, ով նոյեմբերի 7-ին հեռացվել էր Թուրքիայի կենտրոնական բանկի ղեկավարի իր պաշտոնից, եւ Բերաթ Ալբայրաքի՝ ֆինանսների նախարարի մասին է, ով հրաժարական տվեց նոյեմբերի 9-ին: Ալբայրաքը նաեւ Էրդողանի փեսան է:

Թուրքիան փետրվարին բանակցություններ առաջարկեց նաեւ F-35 կործանիչների ծրագրի շուրջ, որից Անկարան հեռացվել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ռուսական S-400 համակարգերի ձեռք բերման կապակցությամբ: Սակայն Բայդենն անտեսեց Թուրքիայի առաջարկը, իսկ Պենտագոնը հայտարարեց, որ վարչակազմը կշարունակի զենքի ծրագրից Թուրքիային բացառելու իր քաղաքականությունը:

Եվրոպացի մի դիվանագետ նշել է, որ Էրդողանը գիտակցում է, որ Բայդենն աչք չի փակի իր գործողությունների վրա, ինչպես դա անում էր Թրամփը:

«Թրամփն այդ բոլոր տղաներին… Էրդողանին, Պուտինին, Բիբիին… հավասարի պես էր վերաբերվում, եւ նրանք բոլորը սկսեցին հավատալ, որ այդպես էլ կա»,- հավելել էր աղբյուրը՝ նկատի ունենալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին:

Մի քանի պաշտոնյա մատնանշել է սպասվող դատավարությունը թուրքական պետական ​​Halkbank բանկի նկատմամբ, որը պետք է տեղի ունենա այս ամիս Նյու Յորքի Հարավային շրջանում: Halkbank-ը մեղադրվում է այն բանում, որ թույլ է տվել Իրանին Թուրքիայի տարածքով տասնյակ միլիարդավոր դոլարներ լվանալ կանխիկ, ոսկու եւ նավթի տեսքով՝ ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար:

Բանկի նախկին ղեկավար Մեհմեդ Հաքան Աթիլլան այս շաբաթ թողեց Ստամբուլի ֆոնդային բորսայի նախագահի պաշտոնը՝ նշանակում, որը վրդովեցրել էր ԱՄՆ պաշտոնյաներին, քանի որ Աթիլլան դատապարտվել էր Նյու Յորքում 2018-ին՝ վերոհիշյալ գործում ունեցած դերի համար:

Ավելի վաղ Էրդողանը հետաքննությունը որպես քաղաքականացված էր որակել: Halkbank-ի սպասվող դատավարությունը, որը տասնյակ միլիարդավոր դոլարների տուգանքներով եւ Թուրքիայի՝ դրամական փոխանցումների միջազգային համակարգերին մուտքի արգելքով է սպառնում, ցույց է տալիս, թե որքան է անհրաժեշտ Էրդողանին կապեր հաստատել նոր վարչակազմի հետ:

Անդրադառնալով Halkbank-ի շուրջ սկանդալին Թուրքիայում՝ ԵՄ դիվանագետն ասել է. «Թուրքերը կարծում էին, որ Թրամփի համար իրականում մեկ է: Բայց Բայդենի համար այդպես չէ, եւ Բայդենը գիտի, թե ով իրական ուժ ունի հարաբերություններում, եւ այժմ Էրդողանը գրեթե երկու ամիս է սպասում է հեռախոսի մոտ»:

«Էրդողանը պետք է օգտագործի Թրամփի վարչակազմի համակրանքը՝ այս իրավիճակը լուծելու համար, բայց նա մեծամիտ էր եւ որոշեց, որ կարող է լիովին անտեսել դա,- հավելել է աղբյուրը:- Այժմ նա պետք է Բայդենի հետ մի քանի հարց լուծի, բայց այն մեկը, որում ակնհայտորեն մեղավոր է Թուրքիան, մնում է սեղանին եւ կորոշվի դատարանի դահլիճում: Բայդենը կարող է զանգահարել նրան միայն դատավարությունից հետո, եթե որեւէ ճգնաժամ չառաջանա»: