Վարդապետյանին է ուղարկվում Հայրապետյանի բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունը, որը եւս հանցագործություն է. պաշտպան

ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանը Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանին է ուղարկում նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները, որն առանձին դրվագով հանցագործություն է։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդականի եւ ՀԿԳ քննիչի վերաբերյալ սկանդալային տեսանյութին։

«Քննիչը քրեական գործի հնարավորություններն օգտագործելով՝ ստանում է Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները, եւ դրանք անմիջապես ուղարկվում են Աննա Վարդապետյանին։ Ի՞նչ նպատակով էր Աննա Վարդապետյանը պահանջել ու ստացել օրենքով պաշտպանվող անձի բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները։ Դա առանձին հանցագործություն է։ Այդ հանցագործությունը կատարողները պետք է այս հարցին նաեւ ԱԱԾ-ում պատասխանեն։ Այս փաստաթղթերին ես՝ որպես Հայրապետյանների պաշտպան, ծանոթացել եմ երբ քրեական գործով Ռաֆիկ Հայրապետյանի մասով նախաքննությունն ավարտվել ու գործի նյութերը տրամադրվել են մեզ»,- նշեց Մակինյանը։

Մակինյանը հիշեցրեց նաեւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե քննչականները գործերն ուղարկում են դատարաններ, իսկ դատարաններն այդ գործերը «ջարդում են». «Պարզվեց, որ քննչականները չեն ուղարկում գործերը, այլ ինքն է ուղարկում, ու շատ նեղվում է, որ դատարաններն օբյեկտիվ քննություն են իրականացնում։ Քաղաքական իշխանությունների այն ձգտումը, որ որ փորձում է դատաիրավական համակարգում իբր բարեփոխումներ անել, բացահայտեց։ Փաստորեն Քննչական կոմիտեն խելոք ենթարկվում է, այդտեղ խնդիր չկա, քննչականը դարձել է  ստորագրություն դնող։ Պարզվեց , որ 3 տարի Հայաստանի Հանրապետությունում նախաքննություն չի իրականացվել»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ հրապարակված տեսանյութը կեղծ լինի, փաստաբանը նշեց մի քանի հիմնավորում, որով, ըստ նրա, այդ տեսանյութը կեղծ չի կարող լինել.

«Այս էլեկտրոնային հաղորդագրություններում ես տեսել եմ նաեւ իմ ուղարկած հաղորդագրությունները քննիչին։ Տեսել եմ նաեւ իմ գործընկերոջ, ինչպես նաեւ բազմաթիվ հաղորդագրություններ՝ ուղարկված քննիչին։ Երկրորդ հիմնավորումն էլ այն է, որ Քննչական կոմիտեն ընդունել է, որ այս փաստերն իրական են»։

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ հնարավոր է ԱԱԾ-ն քրեական գործ հարուցի քննիչի էլեկտրոնային փոստից արտահոսքի մասով, եւ ոչ թե Աննա Վարդապետյանի եւ քննիչի գործողությունների վերաբերյալ, Մակինյանն ասաց, որ ԱԱԾ-ն ինքն է որոշում իր քննության ուղղությունն այդ մասով. «Ի՞նչ վստահություն մենք ունենք, որ արտահոսքը նաեւ պայմանավորված չի եղել Աննա Վարդապետյանից հոգնելով, հոգնում են մարդիկ Վարդապետյանից։ Նրանից իրոք կարելի է հոգնել, որովհետեւ մարդիկ հասկանում են, որ մի օր պատասխան են տալու։ Մեզ համար կարեւոր է, որ ԱԱԾ-ն առաջին հերթին իրավական գնահատական տա այս երկու պաշտոնատար անձանց գործողություններին, հետո օբյեկտիվ քննությամբ հասնի նրան, որ պարզի՝ այս կապն ով ապահովեց։ Եթե ԱԱԾ-ն չի ուզում մասնակից դառնալ այս ամենին, ապա պետք է քրեական գործ հարուցի»։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին 168.am-ը հրապարակել էր տեսանյութ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, եւ ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։

Փաստեր են հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։

Փաստաբան Ամրամ Մակինյանն էլ Աննա Վարդապետյանի եւ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին հաղորդում էր ներկայացրել Դատախազություն։

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանը զեկուցագիր է ներկայացրել գլխավոր դատախազին այն մասին, որ անձնական էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել եւ ներբեռնել տեղեկություններ։

Նշեք, որ Դատախազությունն էլ փաստաբանի հաղորդումն ու կայքի հրապարակումն ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ նյութեր նախապատրաստելու: