Նիկոլ Փաշինյանի հետ կոմպրոմիս չկա, կամ ինքը գնում է, կամ չի գնում, միակ խոսակցությունը դա է. Վազգեն Մանուկյան

Մենք հստակ ներկայացրել ենք մեր օրակարգը, եւ եթե Փաշինյանը եւ ԱԺ խմբակցությունները պատրաստ են այդ օրակարգով վարել խորհրդակցություններ, մենք պատրաստ ենք դրան: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Անդրադառնալով հնարավոր փոխզիջումներին, նա նշեց, որ այո, կան հարցեր, որ կարելի է գնալ փոխզիջման. «Բայց եթե դու գիտես, որ քո երկրի ղեկավարը բացարձակապես տապալել է քո երկիրը, խայտառակ պարտություն է կրել, իր հետ ի՞նչ կոմպրոմիսի գնաս, խոսենք գյուղատնտեսության մասի՞ն, անիմաստ է դա: Իր հետ կոմպրոմիս չկա, կամ ինքը գնում է, կամ չի գնում, միակ խոսակցությունը դա է: Ես ուրիշ կոմպրոմիս չեմ տեսնում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ ընտրություններին Վազգեն Մանուկյանն ասաց. «Այս լարված իրավիճակում ընտրություններն անհեթեթություն են: Եթե մենք թույլ ենք տալիս իր օրոք ընտրություններ տեղի ունենան, մենք դրանով անկախ մեզնից լեգիտիմացնում ենք այն ամբողջ խայտառակ պարտությունները, որ ինքը տարել է: Դուք տեսնում եք, որ Հայաստանը կամաց-կամաց վերածվում է ոստիկանական պետության, մենք նույնիսկ զարմանքով տեսանք, որ քրեական գործերն անցնում են վարչապետի գրասենյակի ինչ-որ մի աղջկա միջոցով: Այդ պայմաններում ոնց կարելի է գնալ ընտրությունների եւ երաշխավորված լինել, որ արդյունքը կհամապատասխանի ժողովրդի կարծիքի, դա բացառվում է»: