Հաշվի առնելով ՄԻՊ-ի՝ կառավարության նիստերին չմասնակցելու նախաձեռնությունը, նա այլեւս նիստերին չի հրավիրվել․Գեւորգյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին այլեւս կառավարության նիստերին չհրավիրելու պատճառներին։

«Արման Թաթոյանը կառավարության նիստերին հրավիրված է եղել եւ ինչ-որ պահից սկսած պարոն Թաթոյանը, հրավիրված լինելով հանդերձ, սկսել է չներկայանալ` իր փոխարեն ներկայացնելով ՄԻՊ աշխատակազմից այլ անձի: Այս պրակտիկան շարունակվել է տեւական ժամանակ: Աշխատակազմի կողմից ՄԻՊ-ի աշխատակազմին տեղեկացվել է, որ կառավարության նիստերին հրավիրվում է մարդու իրավունքների պաշտպանը, այլ ոչ թե այլ անձ, որին հաջորդել է նիստերին պարոն Թաթոյանի համար հատկացվող տեղի մշտապես թափուր մնալը։ Այնուհետեւ, հաշվի առնելով կառավարության նիստերի մասնակիցների կազմի փոփոխությունը, ինչպես նաեւ Արման Թաթոյանի կողմից կառավարության նիստերին չմասնակցելու սեփական նախաձեռնությունը, վերջինս այլեւս նիստերին չի հրավիրվել»,- ասել է Մանե Գեւորգյանը:

Վարչապետի մամուլի խոսնակը հավելել է, որ Արման Թաթոյանն ունի բոլոր հնարավորություններն ու հարթակներն իր մտահոգություններն ու դիտարկումներն հայտնելու կամ գործադիր մարմնին ներկայացնելու համար եւ կառավարության համար անհասկանալի է վերջինիս հապճեպ եւ մանիպուլյատիվ հայտարարությունների մոտիվացիան։

Նշենք, որ ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը, ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել էր, որ իրեն  այլեւս չեն հրավիրում կառավարության նիստերին։

«Պատերազմից հետո, չեմ կարող ասել, թե որ օրն էր, բայց արդեն բավականին երկար ժամանակ է՝ կառավարությունից մեզ տեղեկացրել էին, որ ՄԻՊ-ին այլեւս չեն հրավիրում կառավարության նիստերին։ Այդ պատճառով ես այլեւս չեմ մասնակցում կառավարության նիստերին»,- ասել էր նա։