Քննարկվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրման արդյունքները. ԿԳՄՍՆ

????????????????????????????????????

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ) արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել երկխոսության/քննարկումների հարթակի հերթական հանդիպումը:

Միջոցառման նպատակն էր քննարկել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի առաջնային խնդիրները, ԱՀՈՒ փորձնական ծրագրի արդյունքները, ինչպես նաև ներկաներին համագործակցության նոր եզրեր գտնելու հնարավորություն ընձեռել:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ծրագրի ղեկավար Դավիթ Ավագյանը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրումը ՄԿՈՒ հաստատություններում և կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը: Նրա խոսքով՝ օրակարգում է նաև նոր մասնագիտությունների ներդրման և դրանց աշխարհագրության ընդլայնման հարցը: Այդ նպատակով, ըստ փոխնախարարի, պետք է ուսումնասիրություն կատարվի՝ հասկանալու, թե կոնկրետ որ մասնագիտությունների պահանջարկ կա:

Ելույթ ունեցողները կարևորել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրումը Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում, մասնավորապես՝ համավարակի արդյունքում ստեղծված ճգնաժամի պայմաններում: Նրանք ընդգծել են տվյալ մոդելի իրագործման և զարգացման անհրաժեշտությունը՝ հեռանկարային նոր մասնագիտությունների և կրթական մոդուլների մշակման համատեքստում:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍՆ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, «Եվրոպական կրթական հիմնադրամի», Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Զբաղվածության պետական գործակալության, ծրագրի գործընկեր հանդիսացող Գորիսի և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջների ու գործատուների, ինչպես նաև մի շարք այլ քոլեջների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երկօրյա միջոցառման ընթացքում մասնակիցներն ակտիվ քննարկումներ են ունեցել ԱՀՈՒ կրթական մոդելի ներդրման հետ կապված առկա խոչընդոտների, դրանց շտկման և արդյունավետության բարձրացման մեխանիզմների վերաբերյալ: