Գիտնականներ. Երեխաներին պետք է «սովորեցնել» բանջարեղեն սիրել

Երեխաների սննդային ուղեցույցները պետք է փոխվեն եւ ներառեն ավելի գործնական խորհուրդներ, թե ինչպես կարելի է օգնել նրանց սովորել բանջարեղեն սիրել եւ ուտել, ասում են Ֆլինդերսի համալսարանի Ապագայի համար հոգածության ինստիտուտի սննդի եւ դիետոլոգիայի ոլորտի հետազոտողները:

Ավստրալիայում առողջության վիճակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2-17 տարեկան երեխաների միայն 6%-ն է ուտում բանջարեղենի խորհուրդ տրվող քանակը: Փորձագետների կարծիքով՝ անհրաժեշտ են ավելի անհատականացված, գործնական խորհուրդներ այն մասին, թե ինչպես փոքր երեխաներին բանջարեղեն առաջարկել եւ մեծացնել դրանց օգտագործման չափը:

Մասնագետների կարծիքով՝ սննդի նախապատվությունները երեխայի մոտ հաստատվում են կյանքի առաջին հինգ տարիներին: Ուստի շատ կարեւոր է վաղ շրջանում առողջ սննդային վարքագիծ ձեւավորել՝ երեխայի աճին ու զարգացմանը եւ առողջ սննդային սովորություններին աջակցելու համար:

Գիտնականների խոսքով՝ ամբողջ կյանքի ընթացքում բանջարեղենի անբավարար օգտագործումը ազդում է առողջության վրա, ներառյալ քրոնիկ հիվանդությունների, ճարպակալման եւ ավելորդ քաշի ռիսկը: Ահա թե ինչու այդքան կարեւոր է վաղ տարիքից երեխաներին սովորեցնել բանջարեղեն՝ կանաչ լոբի, ոլոռ, գազար եւ նույնիսկ բրյուսելյան կաղամբ սիրել:

Որոշ փորձագետներ պնդում են, որ բանջարեղեն սիրելու հիմքերը կարելի է դնել նույնիսկ երեխայի ծնվելուց առաջ՝ եթե մայրը հղիության ընթացքում եւ կրծքով կերակրելու ժամանակ շատ բանջարեղեն է ուտում, դա կարող է ազդել երեխայի սննդային նախասիրությունների վրա: