Փորձարարական դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել Ալցհեյմերի հիվանդության դեմ

Eli Lilly and Company դեղագործական ընկերությունը փորձարկել է դոնանեմաբ կոչվող փորձարարական ներերակային դեղամիջոցը, որը, ինչպես սպասվում է, կարող է դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդությամբ պացիենտների կոգնիտիվ գործառույթների ցուցանիշը:

CNN-ը հայտնում է, որ հետազոտությանը մասնակցել են 257 պացիենտներ՝ Ալցհեյմերի հիվանդության վաղ ախտանիշներով: 131 մարդ ստացել է դոնանեմաբ, իսկ 126-ը՝ պլացեբո:

Հետազոտությունը պարզել է, որ դոնանեմաբը 76 շաբաթ հետո 32%-ով դանդաղեցրել է Ալցհեյմերով հիվանդների կոգնիտիվ գործառույթների թուլացումը` համեմատած նրանց հետ, ովքեր պլացեբո են ստացել: Մասնագետները վերլուծել են նաեւ դեղամիջոցի ազդեցությունը բետա-ամիլոիդային վահանակների եւ տաու-սպիտակուցների կուտակման վրա, որոնք համարվում են Ալցհեյմերի հիվանդության տարբերակիչ նշաններ:

52-րդ շաբաթվա ընթացքում մասնակիցների գրեթե 60%-ը հասել է բացասական ամիլոիդային կարգավիճակի (ցուցանիշները եղել են առողջ մարդկանց մակարդակում): 76-րդ շաբաթում ամիլոիդային վահանակների մակարդակը 85 միավորով ավելի շատ է նվազել, քան պլացեբոյի խմբում: Երբ ցուցանիշներն ընկել են, պացիենտներին դադարել են դոնանեմաբ տալ: Չնայած դրան՝ հիվանդության զարգացումը շարունակել է արգելակվել: