Յուրաքանչյուր 10-րդ հղիի կամ վերջերս ծննդաբերած կնոջ մոտ COVID-19 են գտնում. հետազոտություն

Հղիները եւ վերջերս ծննդաբերած կանայք համավարակի ժամանակ, ամեն դեպքում, մտնում են ռիսկի խմբի մեջ: Թարմացված գլոբալ ամփոփումը, որը ԱՀԿ հովանու ներքո  կատարում է Բիրմինգեմի համալսարանը (University of Birmingham), ցույց է տվել, որ COVID-19 է ախտորոշվում 10 հղիներից կամ վերջերս ծննդաբերած կանանցից մեկի մոտ, որոնք դիմել են հիվանդանոց կամ տարբեր ցուցումներով հոսպիտալացվել են:

British Medical Journal-ում հրապարակված հաշվետվությունը ցույց է տվել, որ հետազոտության ժամանակահատվածում գրանցվել է հաստատված COVID-19-ով հղիների տարբեր պատճառներով մահվան ընդհանուր 339 դեպք: Ընդ որում՝ կորոնավիրուսով ապագա մայրերի շրջանում մեռելածնության եւ նեոնատալ մահվան ցուցանիշները բավականին ցածր են, շեշտում են գիտնականները: Սակայն COVID-19-ով կանանց դեպքում ավելի հաճախ է սկսվում վաղաժամ ծննդաբերություն, իսկ նրանց երեխաներին տեղափոխում են նեոնատալ բաժանմունքներ:

Հղիների մոտ COVID-19-ի ավելի հաճախ հանդիպող ախտանիշներն են տենդը (40 տոկոս) եւ հազը (41 տոկոս), ընդ որում՝ վերարտադրողական տարիքի կամ վերջերս ծննդաբերած կանանց համեմատությամբ ապագա մայրերի մոտ ինֆեկցիան հաճախ ասիմպտոմ է ընթանում: Բայց դրա հետ մեկտեղ նրանց մոտ մեծ է ծանր ընթացքի եւ հոսպիտալացման հավանականությունը:

Մասնագետների խոսքով՝ ապագա մայրերի շրջանում COVID-19-ի հետեւանքով բարդությունների առանցքային գործոններն են ավելորդ քաշը, ուղեկցող քրոնիկական հիվանդությունները, առաջին հերթին՝ հիպերտոնիան եւ դիաբետը, ինչպես նաեւ ռասայական պատկանելությունը՝ սեւամորթները եւ ոչ սպիտակամորթ կանայք ավելի շատ են ենթակա հիվանդության ծանր ընթացքին: