Ո՞ր ախտանիշն է ցույց տալիս COVID-19-ի բարենպաստ ընթացքը

Իսպանիայից գիտնականները պնդում են, որ հոտառության կորուստը կարելի է համարել «լավ ախտանիշ»: Infection ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ այս ախտանիշով պացիենտների շրջանում COVID-19-ը հազվադեպ է բարդություններով ընթանում:

Սան Կառլոսի կլինիկական հիվանդանոցի եւ Իսպանիայի համալսարանների մասնագետներն ուսումնասիրել են COVID-19-ից ապաքինված 5868 պացիենտների տվյալները: Հոտառության եւ համի խանգարումներ են հայտնաբերվել կանանց 12,41 տոկոսի եւ տղամարդկանց 8,67 տոկոսի մոտ, ընդ որում՝ այս ախտանիշն առավել հաճախ դրսեւորվում է 65 տարեկանից փոքր պացիենտների շրջանում:

Գիտնականների խոսքով՝ այդպիսի ախտանիշները ցույց են տալիս ուժեղ իմունային պատասխանի առկայությունը, ինչն, իր հերթին, նվազեցնում է ցիտոկինային փոթորկի զարգացման վտանգը, որը պոտենցիալ կերպով հանգեցնում է պացիենտի մահվան:

«Անոսմիայի առկայությունը կարեւոր նշանակություն ունի SARS CoV-2 ինֆեկցիայի ախտորոշման համար, բայց նաեւ կարող է նշանակություն ունենալ պացիենտների դասակարգման եւ թերապեւտիկ որոշումներ ընդունելու ժամանակ»,- նշված է հետազոտության անոտացիայում: