Կրքեր AstraZeneca պատվաստանյութի շուրջ. Կհայտնվի՞ արդյոք այս պատվաստանյութը Հայաստանում

Վերջին օրերին շատ երկրներ սկսել են աստիճանաբար հրաժարվել կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության արտադրած պատվաստանյութից: Մասնագետներին մտահոգում են այն տեղեկությունները, որ պատվաստանյութը կարող է նպաստել թրոմբի առաջացմանը եւ կարող է անվտանգ չլինել տարեցների համար:

Այս պատվաստանյութը, ըստ վերջին տվյալների, նախատեսվում է ներմուծել նաեւ Հայաստան՝ բնակչության շուրջ 3%-ի, առաջին հերթին, այսպես կոչված, ռիսկի խմբերի մարդկանց պատվաստելու համար: Որոշումն ընդունվել է Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի նիստում:

Առողջապահության նախարարությունը դեռ նոր տեղեկատվություն չի տրամադրել այն մասին, թե արդյոք Հայաստանը դեռ պլանավորում է ներմուծել այս պատվաստանյութը: Ըստ վերջին տվյալների, երկիրը կներմուծի միայն այն պատվաստանյութերը, որոնք հաջողությամբ անցել են կլինիկական փորձարկումների երրորդ փուլը՝ մեր մասնագետների խումբը կգնահատի դեղամիջոցների արդյունավետությունը, կողմնակի ազդեցությունների ռիսկը, արժեքը եւ դրանց օգտագործման նպատակահարմարության մասին եզրակացություն կտա: Առայժմ մասնագետները հավանություն են տվել AstraZeneca-ի եւ Pfizer-ի, ինչպես նաեւ ռուսական Sputnik-V պատվաստանյութերի կիրառմանը: Ավելի նոր տվյալներ դեռ չկան:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) հայտնել էր, որ մայրցամաքի տարածքում գրանցվել է թրոմբոէմբոլիայի 30 դեպք՝ 5 միլիոն մարդկանց շրջանում, որոնց AstraZeneca-ի պատվաստանյութ են ներարկել: Դրանից հետո շատ երկրներ սկսել են հրաժարվել այդ պատվաստանյութից:

Գերմանիան, Իռլանդիան եւ Նիդեռլանդները միացել են այն երկրների աճող ցուցակին, որոնք դադարեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի եւ Օքսֆորդի համալսարանի մշակած պատվաստանյութի օգտագործումը:

Կիրակի օրը Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել էր, որ Oxford-AstraZeneca պատվաստանյութը չի օգտագործվի առնվազն մինչ մարտի 29-ը, իսկ Իռլանդիան նույն օրը ավելի վաղ հայտնել էր, որ ժամանակավորապես դադարեցրել է պատվաստումները՝ որպես նախազգուշական միջոց: Երկուշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը նույնպես հայտարարել է, որ դադարեցնում է դրա օգտագործումը՝ կոչ անելով հետագա հետաքննություններ անցկացնել:

Թաիլանդը նույնպես դադարեցրել է պատվաստանյութի պլանային կիրառումը: Իսկ Հարավային Կորեայում որոշել են տարեց քաղաքացիներին չպատվաստել շվեդա-բրիտանական AstraZeneca ընկերության պատվաստանյութով: Թաիլանդում հետաձգվել է AstraZeneca-ի դեղամիջոցով վարչապետ Պրայուտ Չան-Օչի եւ կառավարության մի քանի անդամների պատվաստումը:

Նորվեգիան, Դանիան, Էստոնիան, Իսլանդիան եւ Բուլղարիան նույնպես հրաժարվել են այս դեղամիջոցով պատվաստումից:

Իր հերթին, AstraZeneca դեղագործական ընկերությունը հայտարարել է, որ իր կողմից մշակված դեղամիջոցից թրոմբի առաջացման բարձր ռիսկի ապացույց չկա: