Կորոնավիրուսի ախտորոշումը կարող է կատարվել մաշկի վրա քսուքի ոչ ինվազիվ նմուշների միջոցով՝ պնդում են Սուրեյի համալսարանի հետազոտողները:
Այսօր կորոնավիրուսը հայտնաբերելու համար կիրառվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) վերլուծությունը: Այս հետազոտության համար նմուշ է վերցվում կոկորդի հետին հատվածից եւ քթի ներսից:
Lancet E Clinical Medicine ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականներն ուսումնասիրել են 67 հոսպիտալացված պացիենտներից վերցված նմուշները, որոնցից 30-ի մոտ թեստը դրական է եղել, 37-ի մոտ՝ բացասական:
Հետազոտողները վերլուծել են նմուշները՝ օգտագործելով հեղուկ քրոմատագրություն, զանգվածային սպեկտրաչափություն եւ վիճակագրական մոդելավորում` տարբերակելու կորոնավիրուսի դրական եւ բացասական նմուշները:
Դրանից հետո մասնագետների թիմը պարզել է, որ պացիենտները, որոնց մոտ թեստի դրական արդյունք է գրանցվել, ունեն ավելի ցածր լիպիդային մակարդակ կամ դիսլիպիդեմիա, քան նրանք, որոնց մոտ թեստը բացասական է եղել: Արդյունքների ճշգրտությունն էլ ավելի է բարձրացվել, երբ հաշվի են առնվել ընդունվող դեղամիջոցներն ու լրացուցիչ հիվանդությունները: