Կանաբիդիոլը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ

Կանաբիդիոլը եւ դրա մետաբոլիտ 7-OH-CBD-ն թոքերի էպիթլային բջիջներում արդյունավետորեն արգելափակում են SARS-CoV-2 կորոնավիրուսի կրկնապատկումը, պարզել են Չիկագոյի համալսարանի գիտնականները:

Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ կանաբիդիոլը ճնշել է վիրուսային գեների էքսպրեսիան եւ շատ էֆեկտներ է հետ շրջել, որոնք վիրուսն առաջացրել է տիրոջ գեների տրանսկրիպցիայի վրա, հայտնում է News-medical.net-ը:

Այս միացությունը առաջացրել է նաեւ ինտերֆերոնների էքսպրեսիա՝ բջջի ազդանշանային սպիտակուցներ, որոնք տիրոջ բջիջների կողմից արտադրվում են որպես օրգանիզմի մեջ վիրուսի թափանցմանը վաղ պատասխան: Դրանից բացի, հետազոտողների տվյալներով՝ SARS-CoV-2-ով վարակման հաճախությունը ցածր էր կանաբիդիոլ ընդունած պացիենտների շրջանում:

Հետազոտության ժամանակ գիտնականները մշակել են մարդու թոքերի կարցինոմայի բջիջները, որոնք ACE-2-ը (ռեցեպտոր, որը վիրուսն օգտագործում է բջիջների մեջ թափանցելու համար) էքսպրեսիայի է ենթարկում 0-10 միկրոմոլ խտությամբ կանաբիդիոլով՝ նախքան SARS-CoV-2-ով վարակվելը 2 ժամվա ընթացքում: 48 ժամ հետո բջիջների անալիզը ցույց է տվել, որ կանաբիդիոլը զգալիորեն արգելակել է վիրուսի կրկնապատկումը: Կանաբիդիոլի մետաբոլիտ 7-OH-CBD-ն նույնպես արդյունավետորեն արգելակել է բջիջներում SARS-CoV-2-ի կրկնապատկումը: Մշակված բջիջների գենետիկ անալիզը հայտնաբերել է գեների էքսպրեսիայում SARS-CoV-2-ի առաջացրած փոփոխությունների ճնշում:

Պարզվել է, որ կանաբիդիոլը պայքարել է վիրուսային ՌՆԹ-ի էքսպրեսիայի դեմ, ներառյալ վիրուսի կցվող սպիտակուցը կոդավորող ՌՆԹ-ի: Ե՛ւ վիրուսը, ե՛ւ կանաբիդիոլը զգալի փոփոխություններ են առաջացրել բջջի մեջ բջջային գեների էքսպրեսիայում: Տիրոջ բջջի ՌՆԹ-ի հետագա անալիզը ցույց է տվել, որ վիրուսի առաջացրած փոփոխությունները գրեթե ամբողջությամբ հետ էին շրջվել: Կանաբիդիոլն ինքնին ազդել է ինտերֆերոնների եւ ցիտոկինների վրա՝ պոտենցիալ կերպով կանխելով մահացու վտանգավոր իմունային ռեակցիայի՝ ցիտոկինային փոթորկի զարգացումը:

Գիտնականները SARS-CoV-2-ով հիվանդացությունը գնահատել են նաեւ 82 պացիենտների շրջանում, որոնց կանաբիդիոլ էր նշանակվել: Եղել է նաեւ պացիենտների ստուգիչ խումբ, որոնք կանաբիդիոլ չեն ստացել: Պարզվել է, որ կորոնավիրուսով վարակումների հաճախությունը կազմել է հիմնական խմբում ընդամենը 1,2 տոկոս եւ 12,2 տոկոս՝ ստուգիչ խմբում: