Ֆրանսիայի դեսպան. Բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն

Բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը՝ պատասխանելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ ձերբակալվածների մասին հարցին:

«Իմ մոտեցումը պարզ է. բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն: Դա վերաբերում է ոչ միայն մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը գերի ընկածներին, այլ նաեւ բոլոր գերիներին՝ համապատասխան միջազգային մարդասիրական իրավունքին եւ Ժնեւի կոնվենցիաներին»,-ասաց դեսպանը:

Դիվանագետը նաեւ հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափն է, որի շրջանակում իրականացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնումը դիվանագիտական ճանապարհով: