Մեկնարկում է Սեւանից արդյունագործական նպատակներով սիգի որսի ծրագրի 2-րդ փուլը. ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ավելի

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 18-ի նիստում որոշում կայացրեց 2021 թվականի համար սկսել Սեւանա լճից ձկան եւ խեցգետնի արդյունագործական նպատակներով որսի ծրագրի երկրորդ փուլը:

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Այդ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին անհրաժեշտությունը բխում է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի իրականացման կարգավորման անհրաժեշտությունից։ Փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Սևանա լճում արդյունագործական նպատակներով որսի իրականացման գործընթացը առավել կանոնակարգված իրականացնելու հանգամանքով։

2020 թվականից Սեւանում մեկնարկեց արդյունագործական նպատակներով ձկան որսի փորձնական ծրագիրը: 2020-ին Շրջակա միջավայրի նախարարության եւ ձկնորսների միջեւ կնքվել են 255 պայմանագրեր, 236 տոննա սիգի որս իրականացնելու համար:

Այդ ընթացքում իրականացվել է մշտադիտարկման, տվյալների հավաքագրման եւ ամփոփման աշխատանքներ. Այդ ժամանակահատվածում Սեւանից որսացել են 204 տոննա սիգ:  Հաշվի առնելով այդ ամենը նախարարությունը նախատեսում է 2021 թվականին իրականացնել փորձարարական  որսի երկրորդ փուլը:

Միջոցառման ապահովման նպատակով կազմվել է ծրագրի հավելված, որով սահմանվել են Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2021 թվականի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը»:

Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ համաձայն ԳԱԱ հաշվառման տվյալների, Սեւանա լճում սիգի ընդհանուր ծավալը կազմում է 2345 տոննա, որից արդյունագործական պաշարը մոտ 586,2 տոննա է. «2021 թվականի արդյունագործական որսի համար առավելագույն քանակ է սահմանվել 250 տոննա: Ըստ նախագծի ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս, որսը պետք է իրականացվի 40 մմ եւ ավելի ցանցավանդակներով: Որսն իրականացվելու է մինչեւ սեպտեմբերի 1-ը: Դեկտեմբեր-հունվարին սահմանվելու է խիստ հսկողության ռեժիմ՝ ձվադրման գործընթացն ապահովելու համար»,-ասաց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս գործողությունները միտված են Սեւանում ձկնորսությամբ զբաղվողների բնականոն գործունեությունը ապահովելու համար: