Ոսկին թանկանում է

Հինգշաբթի առավոտյան ոսկու արժեքն աճում է, ինչին նպաստել են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ծրագրերը 2021-2023 թվականներին տոկոսադրույքները չբարձրացնելու մասին, վկայում են սակարկությունների տվյալները: Այս մասին փոխանցում է «Փրայմը»:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինն աճել է 1,22 տոկոսով կամ 21,05 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1748,05 դոլարի: Արծաթի մայիսյան ֆյուչերսը թանկացել է 2 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 26,578 դոլարի:

ԴՊՀ-ն մարտի 16-17-ի նիստի արդյունքներով, ինչպես ակնկալվում էր, բազային տոկոսադրույքը պահպանել է տարեկան 0-0,25 մակարդակում: Դրանից բացի, կարգավորողը տոկոսադրույքը 0-0,25 մակարդակում է կանխատեսում 2021-2023 թվականներին, չնայած ԱՄՆ-ում տնտեսական կանխատեսումների բարելավմանը եւ ֆինանսական շուկաներում ինֆլյացիայի հետ կապված աճող մտավախություններին:

2021 թվականին ԱՄՆ ՀՆԱ աճի կանխատեսումը կարգավորողը դեկտեմբերյան 4,2 տոկոսով աճի կանխատեսումից բարելավել է մինչեւ 6,5 տոկոս: 2022 թվականին ՀՆԱ աճի կանխատեսումը 3,2 տոկոսով նախորդ կանխատեսման մակարդակից բարելավել է մինչեւ 3,3 տոկոս: Դրանից բացի, 2021 թվականին գործազրկության մակարդակը դեկտեմբերյան 5 տոկոսով կանխատեսման մակարդակից բարելավել է մինչեւ 4,5 տոկոս, 2022 թվականին՝ 4,2 տոկոսից մինչեւ 3,9 տոկոս: Ընթացիկ տարում ինֆլյացիայի կանխատեսումը 1,8 տոկոսից մեծացվել է մինչեւ 2,4 տոկոս, 2022 թվականին՝ 1,9 տոկոսից մինչեւ 2 տոկոս: