Ալիևը Շուշիով չի բավարարվելու, եթե ուշքի չգանք. Գագիկ Գինոսյան

Եթե գերտերությունները որոշել են տարածաշրջանը «նոր Սիրայի» վերածել, ապա ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլև մայրաքաղաքում բնակվողներից  որևէ մեկն իր անվտանգության համար հանգիստ լինել չի կարող։ Այս մասին այսօր՝ մարտի 19–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը։

«Կարծում եմ՝ Եվրոպան շատ խիստ փոշմանելու է Թուրքիային հիմա չսանձելու համար։ Գիտենք՝ ժամանակին Թուրքիան հասավ մինչև Վիեննա, Եվրոպային թվում է, թե Թուրքիան հայերի հետ այսպես վարվելով բավարարվելու է։ Պետք է ուշքի գանք, ինքներս մեզ տեր կանգնենք և հույս չդնենք աշխարհի վրա»,– ասաց նա։

Գինոսյանը նշեց, որ Հայաստանում մշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ քայլեր չեն արվում։

«Կարծում եմ՝ գոնե մտավորականների, արվեստի գործիչների մակարդակով  այս հարցը պետք է բարձրացվի համաշխարհային ատյաններում։ Մեր մշակույթի նկատմամբ մշտապես կատարվել են ոտնձգություններ։ Մեր լռելը, վախենալը, չբարձրաձայնելը, գերտերություններին հաճո լինելն ուղղակի հանցավորություն է»,– նշեց Գինոսյանը։

Գինոսյանն ընդծեց, որ Հայաստանում բացակայում է ազգային գաղափարախոսությունը և խոսեց նաև Նժդեհին ֆաշիզմի հետ ասոցացնողների մասին։

«Ով Նժդեհին ֆաշիստ է անվանում, ուրեմն հենց ինքը ֆաշիստ է, կամ էլ՝ տգետ։  Եթե մենք մեր հերոսներին, սրբերին ֆաշիստ ենք կոչում, ապա թուրքից ինչ–որ բարեհոգություն սպասելու կարիք չկա։ Հայ դպրոցը հայ քաղաքացի չի կերտել երբեք։ Բանակն այսօր ամբողջովին կապկպված է, անշունչ, միգուցե և որոշակի սպառազինությամբ, կարգապահությամբ, բայց ոչ ազգային նկարագրով, ազգային համազգեստով, ուսադիրներով, կանոնադրությամբ։ Ալիևը Շուշիով չի բավարարվելու, եթե ուշքի չգանք։ Վստահ եմ, որ տարիներ հետո լինելու է հայկական Նյուրնբերգ, որը կոչվելու է Շուշի», – շեշտեց Գինոսյանը։

Նշենք, որ «Նժդեհական գաղափարախոսությունը ֆաշիստական գաղափարախոսություն է» արտահայտությունը տարիներ առաջ արել էրԿրթության գիտության մշակույթի և սպորտի փոխնարար Ժաննա Անդրեասյանը՝ «Հայ լինելու մշակույթը» հաղորդման շրջանակներում։ Այս տեսանյութը վերջերս սկսել էր ակտիվորեն շրջանառվել համացանցում և բազմաթիվ քննադատությունների էր արժանացել։