Նորքի տուն-ինտերնատը չի փակվելու, Տուն-ինտերնատները չեն միավորվում, բնակիչներին չեն տեղափոխում. փոխնախարար

Ոչ ոք չի պատրաստվում Նորքի տուն-ինտերնատի բնակիչներին տեղափոխել Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ կամ հակառակը: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը:

«Պարզապես, իրավակազմակերպական ձեւն է փոխվում ՊՈԱԿ-ների: Քանի որ մենք գնում ենք համայնքային  ծառայությունների ներդրման, դա չի նշանակում, որ մենք Նորքի եւ թիվ 1 տուն ինտերնատները միաձուլման արդյունքում փակելու ենք, բերելու ենք, միավորելու ենք: Մենք հիմա ստեղծելու ենք հավելյալ, նոր հերթերով պայմանավորված տատիկ-պապիկների համար համայնքային ծռայություններ, փոքր տների մոդել»,-ասաց նա:

Փոխնախարարը հերքեց, թե Նորքի տուն-ինտերնատը փակվելու է եւ գույքը վաճառվելու է. «Չի լինելու ոչ մի տեղափոխում, ոչ մի օպտիմալացում: Մարդիկ էնտեղ ապրում են, ոնց ձեզ համար է սա հարազատ տարածք, այնպես էլ այնտեղ ապրողների համար է նա հարազատ տարածք: Վերակազմակերպում չի լինելու:

Նախագծի բովանդակությունը հետեւյալն է, քանի որ նախարարությունն ունի փոքր տներ եւ մենք պետք է գնանք համայնքահենք խնամքի կենտրոնների ստեղծման փոքր մոդելով, որովհետեւ կարեւոր է, որ ծերերն ապրեն ոչ թե 100-200 հոգով, այլ ապրեն ընտանիքին մոտ  խնամքի կենտրոններում, ապա նոր հերթացուցակները կլինեն արդեն ըստ համայնքային տների: Այդ տների մրցույթները դեռ նոր են»:

Նա նաեւ հերքեց, թե թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչները հացադուլ են հայտարարել. «Հացադուլ չկա: Ես շաբաթ-կիրակի եղել եմ այստեղ, տատիկ-պապիկների ը սնվել են»:

Մինչդեռ բնակիչներից մի քանիսը պնդում էին, որ հացադուլ են հայտարարել. «17 հոգի երեկվանից հացադուլ է հայտարարել, ինձ մոտ կա ցուցակը, սենյակներով, անուններով: Տնօրենը ո՞նց կարող է դա հերքի, եթե ինքը նոր առավոտյան եկել է»,-ասաց նրանցից մեկը:

Ինչ վերաբերում է նրան, որ տուն-ինտերնատի նոր տնօրեն է նշանակվել, փոխնախարարն ասց. «Նախկին տնօրենի ժամկետը լրացել է, նշանակվել է նոր տնօրեն: Այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի N1 տուն-ինտերնատում բողոքի ակցիա են անում։ Պատճառն այն է, որ ըստ մամուլի տեղեկությունների կառավարությունը ներքին շրջանառության մեջ է դրել տուն-ինտերնատների միավորման մի նախագիծ, որով Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը և Նորքի տուն-ինտերնատը միավորվում են։

Ծերանոցի բնակիչներից մեկը նշեց, որ իրենք լսել են, որ Նորքի ծերանոցի շենքը վաճառվել է եւ ծեծերին տեղափոխում են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ. «Մենք դեմ ենք դրան, որովհետեւ եթե հիմա մի սենյակում 2 հոգով ենք մնում, պետք է սարքեն 3-4 հոգի: Եթե երկու հոգին չեն կարողանում զուգրանից օգտվեն, 3-4 հոգին ոնց են օգտվելու: Մենք մարդ ենք, իրավունքներ ունենք»: