Ի՞նչ պատգամով է Խաչիկ Ասրյանը մասնակցելու ընտրություններին

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակ ունեցող քաղաքական ուժերն աստիճանաբար ուրվագծվում են: Բացի այնպիսի կուսակցություններից, որոնք արդեն մի քանի անգամ մասնակցել են ընտրական գործընթացներին ու, մեծ հաշվով, որևէ դերակատարություն և ազդեցություն չեն ունեցել երկրի զարգացման գործում, այս ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև այնպիսի ուժեր, որոնք արդեն հանրային կյանքի բազմաթիվ այլ ոլորտներում ապացուցել են իրենց կենսունակությունը: Իսկ քարոզարշավն այդ ուժերի համար հրաշալի հնարավորություն կլինի իրենց նոր ու թարմ գաղափարներն ու ծրագրերը Հայաստանի քաղաքացիներին ներկայացնելու և վստահության քվե ստանալու համար:

Այդպիսի քաղաքական ուժերից է Խաչիկ Ասրյանի առաջնորդած «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը: Կուսակցությունը նույնիսկ հայտարարել է, թե ինչ պատգամով է մասնակցելու ընտրություններին՝ «Հավատքո՛վ՝ Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգ, Ուժե՛ղ՝ Արդարություն և Օրենք, Միասնակա՛ն՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք»:

Ակնհայտ է, որ Խաչիկ Ասրյանի քարոզչական ողջ արշավը հիմնված է լինելու Հայաստանում Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվող իշխանություն ձևավորելու անհրաժեշտության վրա: Քաղաքական գործիչը առաջնահերթ խնդիր է համարում Հայաստանը նորովի՝ որպես ռազմական-սոցիալական պետություն կառուցելը, բարեկամ և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ազնիվ և վստահելի հարաբերություններ կառուցելը, Հայ ժողովրդին անվտանգ ու ազգային արժեհամակարգին հարիր միջավայրում ապրելու և արարելու հնարավորության ընձեռելը:

Պետք է փաստենք, որ առաջիկա ընտրություններին ազգային արժեքներ դավանող հենքով և գաղափարախոսությամբ կուսակցությունների մասնակցությունը անհրաժեշտ հանգամանք է, քանի որ գործող իշխանությունները հնարավորինն արել են այդ արժեքները ոչնչացնելու համար: Եկեղեցի, Բանակ, հայրենիք ու ամուր ավանդական ընտանիք՝ սրանք այն սյուներն են, որոնք պահում են ազգը, պետականությունը: Հետևաբար, Խաչիկ Ասրյանի համոզմամբ՝ հայ ժողովրդի անմիջական աջակցության և մասնակցության արդյունքում Հայաստանում ձևավորելու է նոր՝ Ազգային-Քրիստոնյա իշխանություն, որն էլ ամենօրյա ռեժիմով, կառուցելու է Ռազմական և Սոցիալական Հայաստան, որը հենված կլինի թվարկած սյուների վրա:

Կարեն Սիմոնյան