«Տելեկոմ Արմենիա»-ն իր բաժանորդներին է ներկայացնում հերթական ժամանակակից գործիքը

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) կատարելագործել և ներկայացրել է ավտոմատ վճարումների նորացված ծառայությունը: Այս ծառայությունը մշակվել է, որպեսզի բաժանորդները խնայեն իրենց ժամանակը, մտքում չպահեն կապի ծառայությունների դիմաց իրենց և ընտանիքի անդամների վճարումների օրերը և երբեք չունենան կապից անջատված լինելու խնդիր:

Ավտոմատ վճարումները կարելի է կարգավորել MyBeelineArmenia հավելվածում կամ անձնական գրասենյակում: Ծառայությունը թույլ է տալիս վճարումներ կարգավորել տարբեր հեռախոսահամարների համար, այսինքն մեկ բաժանորդը կարող է վճարել իր ընտանիքի և հարազատների փոխարեն:

Վճարումները գործում են թե՛ կանխավճարային, թե՛ հետվճարային փաթեթների համար: Ըստ այդմ բաժանորդի ընտրած օրը կարող է փոխանցվել կամ ֆիքսված գումար, կամ՝ հետվճարայինների համար, պարտքի չափով գումար:

«21-րդ դարում ապրելու առավելությունն այն է, որ շատ հարցերի լուծման համար պետք չէ մարդու ներգրավվածությունը: Օրինակ, ամենամսյա հեռախոսակապի վճարումներն անելու պես մեխանիկական գործը չպիտի մեր բաժանորդների համար անհանգստության առիթ լինի: Դրա համար էլ մենք մշակել և կատարելագործել ենք այս ծառայությունը: Այժմ կարգավորումներն անելու համար պետք կլինի ընդամենը մեկ-երկու րոպե, ձեր տան կապը երբեք չի անջատվի», — նշել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: