Տիգրան Արզաքանցյանի ջանքերով կհիմնանորոգվի 9-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 

Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի արևմտյան մասում է գտնվում 9-10-րդ դարերի Սուրբ Աստվածածին, բնակիչներից ոմանց պնդմամբ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցին: Այն հայտնի է որպես նշանավոր ուխտավայր: Տեղի բնակիչների խոսքով՝ կառուցումից ի վեր, այն միայն մեկ անգամ է վերանորոգվել: Անզեն աչքով անգամ նկատելի է, որ եկեղեցին այժմ անմխիթար վիճակում է: Քարերը պոկվում են, ընկնում, կա վտանգ, որ որոշ ժամանակ անց այն կարող է առհասարակ փլուզվել: Այս ամենը հաշվի առնելով «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը որոշել է աջակցել եկեղեցու հիմնանորոգմանը: Երբ ներկայացված նախագիծն ամբողջությամբ վավերացվի Մայր Աթոռի կողմից, կսկսվեն եկեղեցու վերակառուցման և ռեստավրացիայի աշխատանքները: Առաջնային է եկեղեցու նախնական տեսքի պահպանումը: Այսօր եկեղեցում այս մասին փաստեցին հայտնի գործարար, բարերար Տիգրան Արզաքանցյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տեր Պարթև Վարդապետ Բարսեղյանը, «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վարսենիկ Գրիգորյանը, ճարտարապետները:

Տիգրան Արզաքանցյանը նախ ճարտարապետից հետաքրքրվեց, թե ինչ գործողություններ են անհրաժեշտ աշխատանքները սկսելու համար, հետո արդեն իրենց հիմնադրամի անունից խոստացավ օժանդակել եկեղեցու վերակառուցմանը:

Нет описания.

«Ամեն կերպ օժանդակելու ենք, որ 9-րդ դարի այս եկեղեցին սուղ ժամկետներում վերականգնվի: Մենք պարտավոր ենք պահպանել մեր եկեղեցիները, շունչ տալ դրանց, պահպանենք մեր հավատքը, համախմբված լինենք»,-ասաց Արզաքանցյանը:

«Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վարսենիկ Գրիգորյանն իր հերթին հավելեց, որ արդեն երկար ժամանակ է, ինչ այս եկեղեցին և դրա վերականգնումն իրենց ուշադրության կենտրոնում է:

«Վերջին փլուզումից հետո քարերը հավաքել, համարակալել և պահպանել ենք, որ կարողանանք հետագայում օգտագործենք: Մեր վարպետներին խնդրել ենք նաև փայտյա գեղեցիկ դռներ պատրաստել, եկեղեցին կունենա երկու դուռ, նշեմ, որ մեր տարածաշրջանում նման եկեղեցի չկա»,-հավելեց տիկին Գրիգորյանը:

Տեր Պարթևը նշեց, որ ողջունում է պարոն Արզաքանցյանի այս կարևոր նախաձեռնությունը:

«Հայցում ենք տիրոջ օրհնությունը Ձեր ընտանիքին, ձեր այս սրբազան նախաձեռնությանը, հուսալով, որ կարճ ժամանակ անց Ծաղկաշենի այս չքնաղ գոհարը վայելուչ կերպով կներկայանա մեր հավատացյալների առաջ»,-նշեց նա:

Нет описания.

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում