ԵՄ–ն Հայաստանին 3 մլն եվրո է առաջարկում «կոնյակ» անվանումից հրաժարվելու դիմաց

Հայաստանն ու Եվրոպական Միությունն առաջիկայում նախատեսում են ֆինանսավորման նոր համաձայնագիր ստորագրել, որով ԵՄ–ն Հայաստանին 3 մլն եվրո գումար կտրամադրի։

Այդ գումարով Հայաստանը պետք է կազմակերպի հայկական կոնյակի համար «կոնյակ» անվանման կիրառության դադարեցումը, մշակի հայկական խմիչքի համար նոր բրենդ, գովազդի ու խթանի դրա կիրառությունն ու տարածումը, ինչպես նաև կազմակերպի հայկական նոր բրենդի դիրքի ու մրցակցության պահպանումն արտաքին շուկաներում։

Դրա համար Հայաստանն ու Եվրոպական Միությունը կստորագրեն «Աջակցություն ՀԸԳՀ-ի 237-րդ հոդվածի իրականացման հարցում. Փուլ I» ֆինանսավորման համաձայնագիրը։

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն տվեց համաձայնագրի ստորագրմանը և ֆինանսների նախարարի պաշտոնակատարին պատվիրակեց կազմակերպել դրա նախապատրաստումը։

Հիշեցնենք` «կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջը նախատեսված է 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրով, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից։

Ի դեպ, նույն համաձայնագրով նախատեսվում և հրաժարվել նաև «շամպայն» անվանումից։ Այս անվանումներից հրաժարվելու ու նոր անվանումներ ընտրելու համար Հայաստանին ժամանակ է տրվել մինչև 2043 թ-ը։