Ադրբեջանում սկսվել է գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը

Ադրբեջանում սկսվել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նշվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:

Ադրբեջանական կողմը Էուլջեքյանի «խոստովանական ցուցմունքներով»  տեսանյութ է տարածել:

«Ես` Վիգեն Աբրահամի Վիգեն Էուլջեքչյանս, ծնված 1979թ–ին  Բեյրութում, Լիբանանի քաղաքացի եմ»,–տեսանյութում ասում է հայ գերին։

Այնուհետև նա «խոստովանում է», որ ոմն լիբանանահայ Հովակ Քիքյանը` Ղարաբաղի պատերազմի մասնակից էր, իրեն էլ առաջարկել գնալ Արցախ և ասել, որ «2500 դոլոր են տալիս»։

«Համաձայնությունից հետո ինձ տեղափոխեցին Շուշի, այնտեղից մեզ Մարտունի տարան` զորամաս, զինվորական շորեր և զենքեր տվեցին։ Մեզ` 85 հոգի` մեր պես օտար մարդիկ, տարան պատերազմ։ Պատերազմին ես զգացի, որ մենք Ադրբեջանի ուժը չունենք» — տեսանյութում ասում է Վիգենը։

Հետաքննությունը վարում էր Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունը։ Անցած շաբաթ ավարտվել է գործի նախաքննությունը և փոխանցվել  դատարանին։ Դատարանը նախագահելու է Էլբեյ Ալլահվերդիևը: Նա հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանի գործով դատավորն է։ 2015-ի մայիսին Ալլահվերդիևը պատանդին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։

Էուլջեքչյանի գործով մեղադրանքը կառուցվում է միայն ամբաստանյալի ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա։

Մինչդեռ հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին ադրբեջանցի զինվորականները նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել։ Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդությամբ ազատ արձակվեց։ Sputnik Արմենիան ավելի վաղ հրապարկել էր մի նյութ, որում ներկայացված է Վիգեն Էուլջեքչյանի պատմությունը։