Կենսաբանները և բժիշկները հասկացել են` ինչու է ապաքինումից հետո Covid-ի թեստը դրական լինում

Կորոնավիրուսով կարելի է կրկին վարակվել, բայց երբեմն հիվանդների նմուշներից կենդանի վիրուս չի արտազատվում, իսկ որոշ հետազոտություններ հաստատում են կեղծ դրական ՊՇՌ թեստերը:

Naked-science.ru  հարթակը հայտնում է, որ ամերիկյան ինստիտուտների գիտնականները սրա բացատրության հավանական վարկած են առաջարկել։ Նրանք ցույց են տվել, որ վիրուսի ՌՆԹ-ի գենետիկական հաջորդականությունը կարող է տիրոջ բջջի գենոմ մտնել։ Այնուհետև գենոմի այդ հատվածները «ընթերցվում են» ՌՆԹ-ում ու հայտնաբերվում ՊՌՇ թեստի ժամանակ։

Ընդ որում, սա նորություն չէ. Covid-19 հարուցիչը միակ վիրուսը չէ, որը կարողանում է ինտեգրվել մարդու գենի մեջ. մեր ԴՆԹ-ի մոտ 8 տոկոսը բաղկացած է հնագույն վիրուսների մնացորդներից։

Իհարկե, իրական կյանքում այս երևույթի մեծ տարածվածությունը ճշգրիտ հաստատելու համար ավելի շատ տվյալներ են անհրաժեշտ։ Հավանաբար, մարդու միայն որոշ բջիջներն են որևէ վիրուսային ինտեգրման ենթարկվում։ Իսկ SARS-CoV-2-ի ինտեգրման հաճախականությունը մարդկանց մոտ դեռ հայտնի չէ:

Վիրուսի հետ ինտեգրվող բջիջների մասնաբաժինը կարող է շատ փոքր լինել, բայց գիտնականներն ասում են, որ նույնիսկ եթե դա հազվադեպ է պատահում, հարյուր հազարավոր մարդիկ արդեն վարակված են: