ԶՈւ-ն կանխում է ՀՀ տարածք մտած ադրբեջանցիների թիկունքային ապահովման փորձերը. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է` զինված ուժերը, կարևորելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հայտնելով, որ իրադրությունը համեմատաբար հանգիստ է։

Նշվում է նաև, որ Ադրբեջանի ԶՈւ–ի` հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացրած սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը մայիսի 18-ի առավոտվա դրությամբ չի փոխվել։

«Թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից։ Նախատեսվում է, որ ստեղծված իրադրության լիարժեք հանգուցալուծման շուրջ բանակցությունները կշարունակվեն վաղը` մայիսի 19-ին»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ զինված ուժերը, կարևորելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, և շեշտում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները բացարձակ անընդունելի են։

Զինծառայող

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանցի զինվորականները պարտավոր են առանց նախապայմանների լքել Հայաստանի տարածքը և հետայսու ձեռնպահ մնալ նմանատիպ սադրանքներից:

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին  Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։